211652_close_icon
views-count8174 դիտում article-date 17:54 09-02-2021

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման համար

Tert.am-ը գրում է. ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։

Նշենք, որ այս պահին Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։

Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։

«Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը», - նշեց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդության դեմ։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։

Նմանատիպ նյութեր