211652_close_icon
views-count192686 դիտում article-date 17:40 08-02-2021

Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը արձանագրվել է տեսախցիկի կողմից. սպանության կասկածանքով որոնվում է 24-ամյա ՌԴ քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոնվում է փետրվարի  6-ին Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանային համալիրում  ծեծկռտուքին մասնակցելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ  Մարտիրոսյանին սպանելու կասկածանքով: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալը օրեր առաջ է  Հայաստան վերադարձել  Ռուսաստանից, իսկ նրա նկատմամբ որպես կասկածյալ հիմնավոր ապացույցներ են ձեռք բերել արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության   Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է  տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ Թ. Մարտիրոսյանն արդեն վիրավոր վիճակում վայր է ընկնում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:

  «Ծիրանի այգի» ռեստորանային  համալիր էր մեկնել  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի  գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր:  Մինչ դեպքի վայրում աշխատում էին   ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրում մարմնական վնասվածք  է ստացել նաև   Հրազդան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ստեփան Կարապետյանը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության  աստիճանը, ժամանել էր նաև   Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:  Փաստի առթիվ Կոտայքի մարզային  քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և  Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ: Քննչական խումբը ղեկավարում են Ս. Ավագյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հայկ Հակոբյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկաններն ու քննիչները պարզել էին դեպքի որոշ հանգամանքներ, գիտեին նաև սպանություն կատարողի ինքնությունը  և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր