211652_close_icon
views-count1324 դիտում article-date 13:19 08-02-2021

«Ալիևի հետ կքննարկվեն ԼՂ-ում վերջին հակամարտությունից հետո մարդու իրավունքների և խաղաղության հետ կապված հարցեր». մեկնարկել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի պաշտոնական այցը Ադրբեջան

Մեկնարկել է Եվրոպական հարևանության հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն: Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը: Տեղեկացնում է Tert.am-ը։

«Եվրոպական հարևանության հարցերով Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնը Բաքվից սկսել է իր առաջին այցը տարածաշրջան», - ասել է դեսպանը:

Նշենք՝ նախարարի այցի նպատակն է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը կանաչ էներգետիկայի զարգացման ոլորտում, կլիմայի փոփոխության դեմ միջոցառումների, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային անհավասարության դեմ պայքարում:

Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում Մորթոնը հանդիպում կունանա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունից հետո մարդու իրավունքների,  խաղաղության ու կայունության ապահովման հետ կապված հարցեր:

Բացի այդ, Եվրոպական հարևանության պետնախարարը կմասնակցի Միացյալ Թագավորություն-Ադրբեջան ռազմավարական քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպմանը, որն ամեն տարի փետրվարի 9-ին տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև:

Միջոցառման ընթացքում երկու երկրների միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել գործընկերությունը շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր