211652_close_icon
views-count188750 դիտում article-date 10:50 07-02-2021

Սպանություն Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:

 Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  «Ծիրանի» ռեստորանային  համալիր են մեկնել  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի  գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին   ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք  է ստացել նաև   Հրազդան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ստեփան Կարապետանը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության  աստիճանը, ժամանել է նաև   Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:

 Փաստի առթիվ Կոտայքի մարզային  քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և  Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ:

Քննչական խումբը ղեկավարում են Ս. Ավագյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հայկ Հակոբյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  վիրավոր Ս. Կարապետյանի կյանքը հնարավոր է եղել փրկել  այնտեղ գտնվող և միջոցառմանը  մասնակցող մի աղջկա և մի տղայի՝ ճիշտ առաջին անհրաժշետության բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում, իսկ ճանապարհին մահացած Թ. Մարտիրոսյանին մինչև ավտոմեքենայով տեղափոխելը, այդ աղջիկն ու այդ տղան են դարձյալ օգնություն ցուցաբերել, մինչև որ նրանց են միացել նաև ռեստորանի  աշխատակիցները, որից հետո տեղափոխել են հիվանդանոց:

 Ճանապարհին նկատել են շտապօգնության ավտոմեքենա և տեղափոխել են շտապօգնության մեքենայի մեջ,  սակայն վերջինս ճանապարհին մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացած Թ. Մարտիրոսյանը  պատերազմի օրերին որպես կամավոր մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է առաջնագծում և նոր էր վերադարձել դիրքերից:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր