211652_close_icon
views-count3520 դիտում article-date 22:46 06-02-2021

Փոքր բիզնեսին ասում ենք՝ վաղվանից դժվարանալու է քո գոյատևումը շուկայում. Վահե Աստվածատրյան. ArmDaily.am

Հաստատված Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումներով նախատեսվում է առողջապահական և կրթական հաստատություններին բերել ԱԱՀ հարկման դաշտ, իսկ շրջանառության հարկի դրույքաչափը կբարձրանա։

Փաստաբան Վահե Աստվածատրյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը սա հիմնավորում է նրանով, որ ավելի շատ փորձ է արվում խթանել, որ պետպատվերից օգտվողների շրջանակը ավելանա։ Միայն թե՝ այս փաստաթղթից որևէ կերպ հնարավոր չէ գուշակել, թե ինչպես է դա արվելու։
«Եթե այդ հաստատությունները բերվեն ԱԱՀ դաշտ, սակայն այդ հաստատություններին այլ արտոնություւններ չտրվեն՝ կստացվի, որ արհեստականորեն բարձրացվելու են բժշկական և կրթական ծառայությունների արժեքները, միաժամանակ, ինչպես միշտ՝ էլի շարունակելու ենք խոչընդոտել փոքր և միջին բիզնեսին։ Դա կնշանակի, որ փոքր բժշկական հաստատություններ և կլինիկաներ չպետք է գործեն, փոքր ուսումնական հաստատություններ չպետք է գործեն, առնվազն նրանց համար դժվար է լինելու, այդ հաստատությունները չեն կարողանա գործել»։

Անդրադառնալով հիմնավորմանը, թե որոշ խոշոր հարկ վճարողներ փորձում են թաքնվել միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի դաշտում՝ օգտվելու ցածր հարկերից՝ նա նշեց, որ դա չի կարելի կոչել «թաքնվել»։ «Մարդիկ, օգտվելով օրենսդրական հնարավորություններից, փորձում են բիզնես անել։
Մենք ապրում ենք մի երկրում, որը տնտեսապես հզոր չէ, մի երկրում, որպեղ իշխանափոխության ամպագորգոռ գաղափարներից մեկն էլ այն էր, որ նպաստելու են մոնոպոլիաների վերացմանը, ՓՄՁ-ների զարգացմանը, դրան պիտի նպաստեր նաև շրջանառության հարկի ցածր դրույքաչափը և միկրոձեռնարկատիրության ինստիտուտի ներդրումը, որն իրեն սկսել էր արդարացնել։

Շրջանառության հարկն ինքնին արդեն բավական բարձր բեռ է փոքր բիզնեսի համար, քանի որ իրենց հաճախորդներն այդքան շատ չեն, իրացման շրջանառությունը փոքր է, միաժամանակ, նրանք նաև աշխատողի հարկ են վճարում, որը նույնպես բարձր է մեր երկրում։ Իհարկե, կա նման երևույթ, երբ խոշոր ձեռներեցները փորձում են մի քանի փոքր ֆիրմաներ հիմնել ու դրանով խուսափել ԱԱՀ դաշտ ընկնելուց։ Բայց եկեք հիմա դրա հակառակը մտածենք, փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են գործարարները խուսափում շրջանառության հարկից ԱԱՀ-ի դաշտ անցնելուց։ Իսկ միգուցե՝ ոչ թե շրջանառության հարկը բարձրացնելու մասին մտածենք, այլ ԱԱՀ-ն նվազեցնենք։

Նմանատիպ նյութեր