211652_close_icon
views-count50513 դիտում article-date 23:03 06-02-2021

ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ որսագողերի դեմ տարվող ուժեղացված պայքարն իր արդյունքն է տալիս. ապացույցը հերթական բացահայտումն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում փետրվարի 4-ին, Վայոց ձորի մարզում տեղի ունեցած որսագողութան փաստով:
 
Ժամը 20:20-ի սահմաններում, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համագործակցելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, Հերմոն գյուղից ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել Եղեգիս գյուղի բնակիչ, 35-ամյա Զավեն Ալքամյանին՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով:
 
10 րոպե անց Եղեգիս գյուղի «Սիրանույշ» ճամբարի հատվածից բերման են ենթարկել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 31-ամյա Եղիա Ղազարյանին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Ավետ Միրզոյանին և Եղեգիս գյուղի բնակիչ, 29-ամյա Սիմոն Ալքամյանին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ալքամյանի կողմից կրած ուսապարկում հայտնաբերվել է մորթված և մաշկված կենդանու մարմին, իսկ Ա. Միրզոյանի մոտից՝ «ՄՌ-18Մ» տիպի մեկփողանի, 12 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան:
 
 Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Միրզոյանն ու Ս. Ալքամյանը հայտարարել են, որ նշված մաշկազերծված կենդանին ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ է, որը Ա. Միրզոյանը նշված հրացանով, նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, որսացել է «Սիրանույշ» ճամբարին հարակից լեռան լանջից:
 
Բոլոր բերման ենթարկվածները բացատրություններ են տվել և բաց թողնվել:
 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Զ. Ալքամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Ռայել Գես» ՍՊԸ օպերատոր է, իսկ Ե. Ղազարյանը հայտնել է, որ ինքը «Հրաչ Ծառուկյան» Ա/Ձ առաքիչ է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ ուժեղացված և արդյունավետ պայքար է տարվում որսագողերի դեմ, ինչի արդյունքում նախորդ տարիների համեմատ, զգալիորեն  նվազել են որսագողության դեպքերը, նույնիսկ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները գիշերային ծառայություններ են կատարում անտառների ենթադրյալ այն վայրերում, որտեղից նախկինում որսագողերը առանց խոչընդոտի իրենց սև գործն են արել:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր