211652_close_icon
views-count1638 դիտում article-date 14:34 05-02-2021

ՌԴ֊ն պատրաստ է համավարակի հաղթահարման հարցում աջակցել գործընկերներին. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հավելյալ քայլեր, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև ստեղծվեն բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։ Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1042498.html]Արմենպրես[/url]»֊ի թղթակիցը Ալմաթի քաղաքից, այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ «Նախորդ տարին դյուրին չէր ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է մեր համագործակցության կարևոր ուղղություններից մնալ։ Ակնհայտ է, որ վճռորոշ գործոն կլինի պատվաստման համար հնարավորությունների ստեղծումը։ Ինչպես գիտեք Ռուսաստանում արդեն երկու պատվաստանյութ գրանցված է, սպասվում է երրորդի գրանցումը, և ՌԴ նախագահի որոշմամբ սկսվել է մասսայական անվճար պատվաստման գործընթաց։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին այս հարցում ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը և կիսվել մեր փորձով»,֊ասաց ՌԴ վարչապետը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև այլ քայլեր ձեռնարկել ոչ միայն վարակի տարածումը կանխելու, այլև միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Որպես պիլոտային ծրագիր գործարկվել է «Ճամփորդում եմ առանց Covid 19- ի» ծրագիրը։ ՌԴ վարչապետի խոսքով, այդ ծրագրով աշխատում են Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը, սակայն նա հույս հայտնեց, որ այդ երկրների ցանկը կընդլայնվի։ Դա հնարավորություն կտա մարդկանց ազատ տեղաշարժվել, մեկնել ճանապարհորդության կամ աշխատանքի նպատակով։

Նմանատիպ նյութեր