211652_close_icon
views-count1015 դիտում article-date 09:57 05-02-2021

Մոտակա ամիսները վճռական են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում. Մաքրոն․ «Ամերիկայի ձայն»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը «Ատլանտյան խորհուրդ» հաստատության հետ առցանց հանդիպման ընթացքում անրադարձել է միջազգային մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5766244.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ֆրանսիայի նախագահի խոսքերով Թուրքիան ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ՝ հիշեցնելով երկու տարի առաջ թուրքական զորքերի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում ընդդեմ քրդական զորամիավորումների: Նախագահ Մաքրոնը շեշտում է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում կայացրեց ռազմական գործողություններ սկսելու մասին` առանց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս գործընկերների հետ համաձայնության՝ անտեսելով անգամ այն փաստը, որ Սիրիայում են տեղակայված դաշնակից ուժերը: Նրա պնդմամբ, թուրքական զինված ուժերը, փաստորեն, ինքնուրույն ռազմական գործողություններ են սկսել այն տարածքում, որտեղ գտնվել են իր դաշնակիցները: Ռազմական գործողությունների թիրախում էին քրդական զորամիավորումները, որոնք կոալիցիոն ուժերի դաշնակիցներն էին և մնացած ուժերի հետ պատերազմում էին Դաեշ-ի ու այլ ահաբեկչական խմբերի դեմ: Մաքրոնը հիշեցնում է, որ Թուրքիան մեղադրում է քրդական ուժերին PKK-ի հետ կապ ունենալու մեջ: Որոշ դեպքերում, ըստ նրա, մեղադրանքը ունի հիմքեր: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, սակայն, Թուրքիայի նման վարքագիծը հարված էր ՆԱՏՕ-ի հեղինակությանը, քանի որ չհամակարգված գործողությունները որևէ մեկին չեն կարող վստահություն ներշնչել տվյալ դաշինքի մեջ: Անկարայի նման վարքագիծն, ըստ Մաքրոնի, արդյունք է նաև նրա, որ ԱՄՆ-ը այդ ժամանակ որոշում կայացրեց սիրիական պատերազմի թատերաբեմից ռազմական ուժերը դուրս բերելու մասին : «Դրանից հետո Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, արևելյան Միջերկրածովում ականատես եղանք Թուրքիայի նման սիստեմատիկ վարքագծի, ինչը բարեկամական քայլ չէր դաշնակիցների ու գործընկերների հանդեպ, այլ հետապնդում էր Ռուսաստանի հետ համագործակցությամբ իրավիճակը հանգուցալուծելու նպատակ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Այս ամենը, ըստ նրա, առաջ է քաշում բազմաթիվ կոնցեպտուալ հարցեր ՆԱՏՕ-ի արդյունավետության և դերակատարության մասին: Մաքրոնի խոսքերով, 2020 թվականի ընթացքում Ֆրանսիան իր դաշնակիցների հետ մեծացրեց ճնշումը, որի հետևանքով արձանագրվեց որոշակի դրական առաջընթաց: Մոտակա ամիսները չափազանց վճռական են այս հարցում, շեշտում է նախագահ Մաքրոնը: Նա ողջունում է վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունները: Իրավիճակի որոշակի փոփոխությունը նա կապում է ԵՄ որոշ քայլերի, ինչպես նաև ԱՄՆ-ի ներգրավվածության մակարդակի մեծացման ու նոր վարչակազմի որդեգրած քաղաքականության հետ, որը հենվում է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության դասական մոտեցման վրա: Մաքրոնը հույս է հայտնում, որ այսպիսով հնարավոր կլինի գրանցել նոր արդյունքներ: Այս առումով նա անհրաժեշտ է համարում մի շարք հստակ քայլերի իրականացումը, որոնց թվում է Լիբիայում իրավիճակի կարգավորումը, թուրքական զորքերի դուրս բերումն այնտեղից, Սիրիայից Լիբիա Թուրքիայի կողմից տեղափոխված հազարավոր ջիհադիստների հեռացումը, Սիրիայի հարցում Թուրքիայի մոտեցումների համապատասխանեցումը դաշնակից ուժերի հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և արևելյան Միջերկրածովում լարվածության նվազեցումը: Նա կրկին կարևորեց ԱՄՆ-ի ներգրավվածության վերականգնումը ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակում, որի շնորհիվ, ըստ Ֆրանսիայի առաջնորդի, ՆԱՏՕ-ն կարող է հանդես գալ ոչ միայն որպես ռազմական խոշոր դաշինք, որը միավորում է զինված ուժերը, այլ նաև որպես քաղաքական մարմին, որը ներդաշնակություն է հաղորդում քաղաքական ուղեգծին և համակարգում քաղաքական քայլերը:

Նմանատիպ նյութեր