211652_close_icon
views-count1207 դիտում article-date 16:00 04-02-2021

ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ն Հայաստանում սոցիալական պարտատոմսերի պիլոտային ծրագիր են նախաձեռնում

Պիլոտային այս ծրագրի նպատակը Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզում փոքր տնտեսվարողների կյանքի բարելավումն է, ինչի մասին այսօր հայտարարել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ՄԱԿ–ի Զարգացման ծրագիրը: Երկու հաստատությունները ստորագրեցին սոցիալական պարտատոմս ստեղծելու մտադրության հուշագիր։ Սոցիալական պարտատոմը ֆինանսավորման նորարարական գործիք է, որը ֆինանսական հաջողությունը կապում է չափելի սոցիալական արդյունքների հետ: Սոցիալական պարտատոմսերը ներդրումներ են ապահովում՝ կանխարգելիչ միջամտությունները ֆինանսավորելու միջոցով սոցիալական խնդիրները լուծելու համար։ Սոցիալական արդյունքների բարելավումից հետո ներդրողներին վերադարձվում են իրենց նախնական ներդրումները՝ գումարած փոխհատուցում իրենց վերցրած ֆինանսական ռիսկերի համար։ Սա կլինի Հայաստանում ներդրված առաջին սոցիալական պարտատոմսը և այն ուղղված կլինի տեղական ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանն աջակցելուն: Սլովակիայի Հանրապետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում սոցիալական ֆինանսների ծառայություններին` հիմնվելով ՄԱԶԾ-ի կողմից պատրաստած իրագործելիության ուսումնասիրության արդյունքների վրա: Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ն ընդհանուր նպատակ ունեն` նպաստել Հայաստանում ագրոբիզնեսի զարգացմանը և տնտեսությունն առավել ներառական դարձնել: Այսօր մենք պաշտոնականացնում ենք մեր գործընկերությունը և օգտագործում մեր ուժերը՝ մասնավոր հատվածից ներդրումներ և գործողություններ ներգրավելու նպատակով: Ներառական և կայուն զարգացմանն աջակցելը Հայաստանում մեր առաջնահերթություններից մեկն է»: Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինն ասել է. «ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանում կայուն զարգացմանը: Երկիրը առաջինն է լինելու, որտեղ կօգտագործվեն սոցիալական պարտատոմսերի նման նորարարական ֆինանսական մեխանիզմները` ազգային զարգացման գերակայությունների, այդ թվում` գյուղատնտեսության համար մասնավոր և պետական կապիտալի օգտագործման համար։ Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք այս գործընթացին»: Նա նաև շնորհակալություն է հայտնել դոնորներին և գործընկերներին այս համատեղ նախաձեռնությունը հաջողակ դարձնելու ջանքերի համար: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է, ակտիվ է տնտեսության բոլոր հատվածներում: 1992թ.-ին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր, Բանկը 1,47 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտների 187 նախագծերում, ընդ որում ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։ ՄԱԶԾ-ն Միավորված ազգերի կազմակերպության առաջատար կազմակերպությունն է, որը պայքարում է աղքատությունը, անհավասարությունը և կլիմայի փոփոխությունը վերացնելու համար: Աշխատելով 170 երկրներում մեր փորձագետների և գործընկերների լայն ցանցի հետ՝ մենք օգնում ենք այդ երկրներին ստեղծել ինտեգրված, կայուն լուծումներ մարդկանց և ամբողջ մոլորակի համար: ՄԱԶԾ-ն Հայաստանում հիմնադրվել է 1993 թ. մարտին և աջակցում է կառավարությանը`իր զարգացման առաջնահերթությունները և Կայուն զարգացման նպատակները իրականցնելու գործընթացում։

Նմանատիպ նյութեր