211652_close_icon
views-count2285 դիտում article-date 12:35 04-02-2021

Կգործարկվի Երևան-Ջուլֆա-Թեհրան երկաթգիծը. ՀՀ Էկոնոմիկայի նախարարը՝ Իրանի IRNA լրատվական գործակալությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցն ամփոփել է Իրանի IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որում ասված է. «Աշխատանքային այցով հունվարի 22-ից 26-ը Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել IRNA լրատվական գործակալությանը։ IRNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը նպատակ ունի ձեռքբերված համաձայնությունների կյանքի կոչմամբ և տնտեսական ոլորտում համագործակցության խորացմամբ առավել բարենպաստ մթնոլորտ ձևավորել՝ համատեղ նախագծերի իրականացման համար։ Նախարարը հստակեցրել է, որ վերոնշյալ նպատակին հասնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի գործունեությունն ուղղված է լինելու սեղմ ժամկետում իրանական կողմի հետ պայմանավորվածությունների իրականացման օրակարգ մշակելուն։ Խոսելով Հայաստան-Իրան բազմակողմ համագործակցության մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են շինարարական սարքավորումները, շինանյութը, մրգերը, բանջարեղենը, նավթաքիմիական արտադրանքը, սահմանափակ քանակությամբ մետաղը և տեխնիկական սարքավորումները։ Կարևոր խնդիր համարելով ապրանքաշրջանառության փոքր ծավալների ավելացումը՝ նախարարը նշել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչություններում առկա է այն համոզմունքը, որ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ներուժը թույլ է տալիս զգալիորեն գերազանցել ներկայիս ծավալները: Ընդգծելով Հայաստանի՝ ԵԱՏՄ մեծ շուկայի անդամ պետություն լինելը և հիմք ընդունելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի ընդարձակ կապերը՝ նախարար Քերոբյանը նշել է, որ իրանցի առևտրականների և արտադրողների համար առկա են նպաստավոր պայմաններ՝ ԵԱՏՄ շուկայի նկատմամբ հասանելիություն ունենալու համար: Խոսելով այն մասին, որ Իրանը կարող է «օգտագործել» Հայաստանը որպես «կամուրջ» համայն աշխարհին ապրանքներ վաճառելու նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է իրանցի գործարարներին Հայաստանի տարածքում հիմնել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ՝ վերջիններիս արտադրանքը երրորդ երկրների շուկա դուրս բերելու նպատակով։ Վահան Քերոբյանն, անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրաշրջանառության շուրջ 400 մլն դոլար կազմող ներկայիս ծավալին, նշել է, որ 2020 թ. դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է առաջիկա 6 ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ միլիարդ դոլարի, որն էլ երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեկնակետ կդառնա։ Տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները որակելով էական խոչընդոտ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում՝ նախարարը նշել է, որ այդ խնդիրը համարում է «մղձավանջային», քանի որ բազմաթիվ դժվարություններ կան Հայաստանի բեռնափոխադրամիջոցների՝ Իրան մուտք գործելու և իրանական ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրների տարածք փոխադրելու համար: Մյուս կողմից, իրանական բեռնատարները Հայաստանի տարածք մուտք գործելու համար մեծ գումարներ են վճարում։ Նախարարը հավելել է, որ հայկական կողմը հետամուտ է առկա դժվարությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը և ջանքեր է գործադրում խոչընդոտների շուտափույթ հաղթահարման ուղղությամբ։ Տրանսպորտային խնդիրների լուծման տարբերակներից մեկը համարելով Երևան-Թեհրան երկաթգծի գործարկումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադադարի մասին ստորագրած եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ճանապարհներն ապաշրջափակվելու են, որը թույլ կտա գործարկել Երևան-Ջուլֆա-Թեհրան երկաթգիծը։ Խոսելով գազամատակարարման շուրջ բանակցությունների մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի առավելագույն ծավալին հասնելու համար հարկավոր է ավարտին հասցնել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որպեսզի հնարավոր լինի գազ/էլեկտաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակներում ավելացնել դրանց ծավալները։ Թուրքական ծագման 2250 ապրանքատեսակի՝ Հայաստան ներմուծման արգելքի առնչությամբ նախարարը նշել է, որ այդ ապրանքատեսակները կարող են փոխարինվել իրանական, չինական և այլ երկրների, ինչպես նաև Հայաստանում արտադրվող ապրանքներով։ Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում կարող են օգուտ քաղել թե´ արտադրողները, և թե´ առևտրականները։ Խոսելով այն մասին, որ Հայաստանը հիշյալ ապրանքատեսակների հետ կապված մտահոգություններ չունի, Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստան-Իրան առևտրային ենթակառույցները պատրաստ են քննարկել դրամական փոխանցումների կապակցությամբ առկա խնդիրների լուծման մեխանիզմները, որոնք անհանգստացնում են տնտեսվարողներին»։

Նմանատիպ նյութեր