211652_close_icon
views-count1221 դիտում article-date 13:11 03-02-2021

Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց տունը չեն կորցրել պատերազմի հետևանքով. նախարար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մինչև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը ներկայացնելը, անդրադարձավ Արցախի համար Հայաստանի Կառավարության իրականացրած ծրագրերին: «Ես վստահեցնում եմ, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա»,- ասաց նախարար Առաքելյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի քննադատություններին, թե Արցախի Հանրապետությունն այս պահին ունի սոցիալական խնդիրներ, և հետպատերազմական շրջանում ՀՀ Կառավարության կողմից չեն իրականացվել համապատասխան միջոցառումներ: «Նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը ավելի է, քան 100 հազարը: Այսօր Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն այնտեղ մշտական բնակության վայրեր, և նաև կորցրած տարածքների բնակչությունից 5 հազարից ավելի քաղաքացի նույնպես իր բնակությունն այս պահին շարունակում է անցկացնել Արցախում: Պատերազմից հետո ամբողջովին ավերված էին բոլոր ենթակառուցվածքները: Այս պահին Արցախում ամբողջովին վերականգնված են գազամատակարարումը, էլեկտրամատակարարունը, կապը գրեթե ամբողջովին վերականգնված է: Կապի օպերատորներից մեկը նաև Արցախի տարածքում ապահովում է հայկական տիրույթի ծառայություններ: Այսինքն՝ առանց ռոումինգի կապ է ապահովված նաև Արցախում: Սոցիալական ծրագրերի մասով Կառավարությունը ուղղակի ֆինանսավորմամաբ ավելի քան 15 միլիարդի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը, որն ավելին է, քան Հայաստանում գործող որևէ սոցիալական աջակցություն ամսական և այս ամիսների համար այդ աջակցությունները լիրովին հնարավորություն են տալիս արցախցիներին հոգալ իրենց խնդիրները»,- ասաց Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ Արցախի կառավարության հետ համատեղ մի շարք միջոցառումներ են իրականացվել, որոնք էականորեն փոխելու են Արցախում մարդկանց կյանքի որակը: «Սկսած հունվարից՝ 6 ամիս ժամկետով, փոխհատուցվում է եկամտային հարկն ամբողջությամբ, այսինքն՝ Արցախում այս տարվա առաջին կիսամյակում փաստացի եկամտային հարկ չկաԼ: Նման բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում Արցախի կառավարության հետ, որը փաստում է, որ ձեր նշած մտահոգություններն առնվազն տեղին չեն: Եթե կան լոկալ խնդիրներ, պատրաստ ենք քննարկել»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ հետպատերազմական իրավիճակում Արցախի բյուջեում եկամուտների էական փոփոխություն է տեղի ունեցել: Եկամուտները մոտ 50 միլիարդով նվազել են, որն ամբողջովին փոխհատուցվելու է ՀՀ-ի կողմից ֆինանսավորման միջոցով: Նախարարը նաև հայտնեց, որ չեն դադարել Արցախում կենսաթոշակներիև պետական համակարգի աշխատողների աշխատավարձի վճարումները: Առաքելյանը շեշտեց՝ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը, և այդ մասով որևիցե տարբերություն չկա Հայաստանի ու Արցախի քաղաքացիների տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր