211652_close_icon
views-count1123 դիտում article-date 22:29 01-02-2021

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվել է մարզային ֆեդերացիայի բաց առաջնությունը

Հայաստանի աթլետների ձմեռային շրջանի աշխատանքների մասին որոշակի կարծիք կազմելու նպատակով Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվել է մարզային ֆեդերացիայի բաց առաջնությունը: Մրցումներին մասնակցել են Երևանի, Գյումրու, Արտաշատի և Վանաձորի մարզադպրոցների ավելի քան 90 մարզիկ-մարզուհիներ։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ, գյումրեցի Յաշա Եղիազարյանն ասաց, որ վանաձորյան ստուգատեսը կազմակերպական առումով արդարացրեց սպասելիքները: Մասնակիցների ցույց տված արդյունքները նույնպես դժգոհելու տեղիք չտվեցին: Նրանք, ի վերջո , համավարակի պատճառով, տևական ժամանակ մրցումների չեն մասնակցել, շատերը մարզվել են դրսում, ձյան վրա: Այդուհանդերձ մրցաշարը նպատակին ծառայեց, մասնագետները որոշակի կարծիք կազմեցին մրցողների վերաբերյալ, առավել ևս, որ մասնակիցները դրսևորեցին նաև դիմացկանություն և կամային որակներ . . . Մարզիկ – մարզուհիները մրցեցին չորսական վազքատարծություններում, հեռացատկ և եռացատկ մրցաձևերում: Մրցաշարի բացումը սկսվել է լռության րոպեով: Ներկաները հոտընկայս հարգել են արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակը: Մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ, նրանց թվում ՝ Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի նախկին սաներ Արմեն Վեքիլյանը, Տիգրան Գոգինյանը, Կամո Ղամբարյանը զոհվել են արցախյան երկրորդ պատերազմում:

Նմանատիպ նյութեր