211652_close_icon
views-count1434 դիտում article-date 23:40 01-02-2021

ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ՌԴ-ում կազմակերպված համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը։ Համատեղ աշխատանքի այդ օրինակը դարձել է միջազգային լավագույն փորձ, որը պետք է նշվի միջազգային հարթակներում: ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նմանատիպ նյութեր