211652_close_icon
views-count1432 դիտում article-date 15:31 29-01-2021

ԱԳ նախարար Արա Այվազյանի մեկնաբանությունը «Հանրային հեռուստաընկերությանը» Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպման արդյունքներով

[b]Հարց.[/b] Ինչի՞ վրա շեշտը դրվեց, և հանդիպման արդյունքում ի՞նչ արդյունքներ ունեցանք։ [b]Արա Այվազյան.[/b] Նախ, սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը։ Բոլորս հիշում ենք, որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ. մեկ անգամ ևս վերահաստատվեց, որ Ֆրանսիան նեցուկ է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերին։ Այս այցը նույնպես շատ կարևոր է, որովհետև այն տեղի է ունենում՝ ի կատարումն նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների։ Այս անգամ այս այցի նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը։ Եվ պետքարտուղարը Հայաստան է ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությամբ, որն արդեն մի քանի օր է՝ այստեղ է՝ կազմված Զարգացման ֆրանսիական գործակալության, արտաքին գործերի նախարարության և նաև ֆինանսների ու գանձապետարանի ներկայացուցիչներից։ Եվ մենք քննարկումներ ենք ունեցել Հայաստանի զարգացման և նաև ապագայում կարևոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Երկու արտաքին գործերի նախարարությունները մեծ անելիք ունեն այս կարևոր առաքելությունը՝ կյանքի կոչելու և մեր համատեղ քայլերը հստակեցնելու առումով։ Բնականաբար, մենք չենք կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, և պետք է հատուկ նշեմ, որ Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից։ Նկատի ունեմ, նախևառաջ, նախագահ Մակրոնի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի հասցեական հայտարարությունները, որոնք ի ցույց դրեցին, թե որ երկիրն է սանձազերծել ագրեսիան Արցախի դեմ։ Ինչպես նաև մատնանշելու Թուրքիայի ներգրավվածության վտանգավորությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավվածությունն այս տարածաշրջանում, ինչը նաև վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը։ Բնականաբար, մենք անդրադարձել ենք անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, առաջին հերթին գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցերի արագ լուծմանը։ Մենք շնորհակալ ենք գործադրած ջանքերի համար։ Հուսով եմ, որ Ադրբեջանը շուտով կհրաժարվի այս պատանդառության քաղաքականությունից, հակառակ դեպքում այն շատ խնդրահարույց է լինելու պաշտոնական Բաքվի համար: Քննարկել ենք նաև մեր մշակութային ժառանգության պահպանության հարցը: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Արտաքին գործերի նախարար Լը Դրիանին, որոնք նաև մեզ աջակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Եվ վստահաբար ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կայունության և խաղաղության մասին, և վստահ եմ, որ մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ապագայում: Ես կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք բավական ակտիվ երկխոսություն, այցեր և նաև լավ արդյունքներ: [b]Հարց.[/b] Պարոն Այվազյան, նաև մշակութային ժառանգության հետ կապված պարոն Լըմուանը նշեց, որ նաև առաջիկայում քայլեր կձեռնարկվեն: Կխնդրեի մանրամասնել, թե այսօր ինչ շեշտեր դրվեցին և ինչ որոշակիություն մտցվեց: [b]Արա Այվազյան.[/b] Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը տարածաշրջանի, բայց նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է: Մեր հուշակոթողները, իսկ դրանք ավելի քան հազար չորս հարյուրն են, որոնք մնացել են Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում, կարևոր վկայություն են հայ բնիկ ժողովրդի ներկայության, ինքնության, մշակույթի, արարման մասին: Ցավոք, բոլորս գիտենք, որ այդ հուշակոթողները վտանգված են: Մենք ունեցել ենք նախկինում շատ ողբերգական նախադեպ Նախիջևանում, պատերազմի ժամանակ նույնպես միջազգային հանրությունը տեսավ, թե ոչնչացման, կեղծման և յուրացման ինչ փորձեր են արվել: Ֆրանսիան նույնպես շատ ակտիվ դեր է խաղացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այս հարցի հասցեագրման ուղղությամբ: Նոր պետքարտուղարն ինձ տեղեկացրեց, որ երկկողմ ձևաչափով առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի կողմից հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան` Արցախ, որպեսզի գործադրվեն փաստահավաք մեխանիզմներ, որոնք նաև պահպանության համար որոշ երաշխիք կձևավորեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր