2238 դիտում
14:32 29-01-2021
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ նախաձեռնությունը կազմակերպական կառուցվածք է ստանում
Հայրենիք-Սփյուռք նախաձեռնության շուրջ 100 անդամների առաջին առցանց հանդիպումը տեղի ունեցավ։ Բացման խոսքով հանդես եկավ Ատոմ Մխիթարյանը, ով հակիրճ ներկայացրեց նախաձեռնության սկզբնավորման կարիքը, իր առջև դրած նպատակները, նախաձեռնության զարգացման հնարավոր ուղղությունները, ինչպես նաև առաջարկեց ծանոթանալուց հետո մտքեր փոխանակել առկա իրավիճակում Հայրենիքի և Սփյուռքի գործակցության արդյունավետ ուղիների, առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքում հայապահպանությանը, Հայրենիքի ժողովրդագրության վիճակի բարելավմանը, ազգային հիմքով նոր սերնդի դաստիարակությանը վերաբերող մի շարք գաղափարներ։ Աշոտ Ավետիսյանը (Մոսկվա, ՌԴ) առաջարկեց մշակել և ունենալ գործողությունների հստակ պլան, Նունե Հովհաննիսյանը (Լոձ, Լեհաստան), Երազիկ Հարությունյանը (Կրասնոդար, ՌԴ), Ռուզան Թաթուլյանը (Լոնդոն, ՄԲ), Թամարա Թովմասյանը (Երևան, ՀՀ), Կարինե Կատանյանը, Կարինե Եսայանը, Զոհրաբ Սահակյանը, Մարիամ Գրիգորյանը և Արև Բալայանը (ՌԴ), Ռուզաննա Մարտիրոսյանը (Կիև, Ուկրաինա) իրենց խոսքում կարևորեցին կրթամշակութային օջախների հայապահպան գործունեությունը և ընդգծեցին ՀՀ պետական աջակցության անհրաժեշտությունը։ «Սփյուռքի նախկին նախարարությունը մի շարք կրթական, մշակութային, համահայկական ծրագրեր էր իրականացնում, խրախուսական մրցույթներ ու միջոցառումներ էր կազմակերպում, որոնք այսօր գոյություն չունեն», - նշում էին նրանք։ «Միանշանակորեն անհրաժեշտ է պետական շատ բարձր մակարդակով զբաղվել Սփյուռքի հարցերով, այլապես քայլ առ քայլ կորցնելու ենք այն՝ առավել թուլացնելով մեր Հայրենիքն ու պետականությունը»։
Դոնարա Իսպիրյանը (իրավաբան), Երվանդ Հակոբյանը (բժիշկ) առաջարկեցին մասնագիտական մոտեցում ցուցաբերել և աշխատանքները կազմակերպել առանձին ենթախմբերով՝ նպաստելով համահայկական մասնագիտական ներուժի համախմբմանը։
Տիկին Սիրվարդ Համբարյանը, որ Սփյուռքի նախարարությունում երկարատև աշխատանքի փորձ ունի, կոչ արեց միահամուռ ուժերով ընդդիմանալ հուսահատությանն ու ընկճվածությանը, համախմբվել «Հայրենիք – Սփյուռք» նախաձեռնության շուրջ, մշակել և իրականացնել համահայկական տարբեր ծրագրեր։
Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը կարևորեց «Հայրենիք – Սփյուռք» նախաձեռնության հանրային ներկայացվածությունն ու ոճը և PRactice գործակալության կողմից ստեղծված խորհրդանշանի մի քանի տարբերակ, որոնցից մեկը որոշակի վերամշակումից հետո շուտով կընդունվի և կկիրառվի Նախաձեռնության կողմից։
Հանդիպումն ամփոփվեց Նախաձեռնության քարտուղարության ընտրությամբ, որը կհամակարգի «Հայրենիք-Սփյուռքի» աշխատանքները, կմշակի հայեցակարգային դրույթներ, ինչպես նաև առաջիկա գործողությունների պլան՝ հիմք ընդունելով նախաձեռնության անդամների առաջարկությունները։ Որոշվեց, որ «Հայրենիք-Սփյուռքին» միացողների գրանցումը կշարունակվի, իսկ առցանց հանդիպումները կկազմակերպվեն երկշաբաթյա պարբերականությամբ (տեղեկատվությունը կտեղադրվի Նախաձեռնության «Հայրենիք – Սփյուռք / Diaspora – Motherland» ֆեյսբուքյան էջում)։ Կշարունակվեն նաև հարցազրույցներն ու հրապարակախոսական հոդվածների հրապարակումը, ԶԼՄ-երի և հասարակական - քաղաքական գործիչների, Հայրենիքի և Սփյուռքի տարբեր կառույցների հետ հանդիպումները։ «Հայրենիք – Սփյուռք հարաբերությունների դինամիկ զարգացումը Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում կարևոր տեղ պիտի զբաղեցնի», - ընդգծեց հանդիպման մոդերատոր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։
Նմանատիպ նյութեր
895 դիտում
19:54 26-03-2014
Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք
Այս բաժնից
235 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
238 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ