211652_close_icon
views-count1365 դիտում article-date 20:02 28-01-2021

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի և նրա գլխավորած պատվիրակության հետ

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը հանգամանալից քննարկում ունեցան հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու բազմաոլորտ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը, ներառյալ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում թիրախային նոր ծրագրերի իրականացման, ներդրումային նոր հնարավորությունների դիտարկման միջոցով։ Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Այվազյանն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ անկողմնակալ դիրքորոշում և գնահատական հայտնելու համար: Երկուստեք ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման հրամայականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության գործընթացի շրջանակում: Նախարար Այվազյանն նշեց, որ տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման առանցքը Արցախի իրավական կարգավիճակի սահմանումն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։ ՀՀ ԱԳ նախարարը պետքարտուղար Լըմուանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցին և այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարուցվող շինծու խոչընդոտներին։ Քննարկումների կենտրոնում էին նաև հայկական պատմամշակութային կոթողների պահպանման հարցերը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ինչպես միջազգային մասնագիտացված կառույցների, հատկապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխափան ներգրավվածությունը, այնպես էլ երկկողմ համագործակցության հնարավորությունների օգտագործումը:

Նմանատիպ նյութեր