211652_close_icon
views-count1156 դիտում article-date 11:16 27-01-2021

Ռեալ քաղաքականության հրամայականը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս շատ եմ կարդում մի երեւույթի մասին, որն Արեւմուտքում անվանում են procrastination: Դա մի թերություն է, սովորություն կամ գուցե հիվանդություն՝ կարեւոր գործերը հետաձգելու վաղվա, մյուս օրվա կամ ընդհանրապես անորոշ ժամանակով: Գիտենք, օրինակ, որ ուսանողները սովորություն ունեն քննություններին պատրաստվելու վերջին գիշերվա ընթացքում, երբ «դանակը ոսկորին է հասնում», եւ հետաձգելու ոչ մի տարբերակ այլեւս չկա (այդ դեպքում գիտելիքների մեծ մասը քննության հաջորդ իսկ օրն անհետանում է ուղեղից): Պրոկրաստինացիայի պատճառներն են ծուլությունը, թուլակամությունը, նաեւ որոշակի թեթեւամտությունը՝ համոզմունքը, որ խնդիրը որեւէ ձեւով ինքն իրեն կլուծվի: Բայց մասնագետները նշում են, որ այդ երեւույթը հանդիպում է նաեւ քաղաքականության մեջ: Այստեղ, բացի վերը թվարկած պատճառներից, առաջին պլան է գալիս հասարակական զարգացման հստակ ռազմավարական ծրագրի բացակայությունը, որից բխում է կարեւոր որոշումներ ընդունելուն անպատրաստ լինելը: Եվ դա Հայաստանի վերջին երեք ղեկավարների ու նրանց թիմերի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի մեծ մասի, մեղմ ասած, թերությունն է: Խոսքը, բնականաբար, նախեւառաջ Արցախի խնդրի լուծման մասին է, որն, իմ կարծիքով, ոչ այնքան տարածքների, պատկանելության կամ կարգավիճակի, այլ առաջին հերթին՝ այնտեղ ապրող մարդկանց անվտանգության խնդիրն է: Վստահ եմ, որ վերջին 20 տարում, առնվազն մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք հնարավորություն ունեինք երկարատեւ հեռանկարով լուծել այդ խնդիրը՝ ապահովելով նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքում մեր հայրենակիցների խաղաղ կյանքը եւ Հայաստանի հետ միջանցքը: Բայց մեր ղեկավարները եւ մեր քաղաքական միտքը (ու ես էլ՝ բոլորի հետ միասին) ի զորու չեղան գնալ այդ լուծումների ճանապարհով: Երկրորդ եւ երրորդ նախագահները գերադասում էին խնդիրը «խորամանկորեն» ձգձգել, իսկ ներկայիս վարչապետը, չունենալով փորձ եւ գիտելիքներ ու չափից դուրս բարձր կարծիքի լինելով սեփական «ռազմավարական տաղանդի» մասին, անում էր այն, ինչը նրա մոտ լավ է ստացվում՝ զբաղվում էր պոպուլիստական հռետորաբանությամբ, հոխորտում էր եւ աքլորանում: Հեղափոխություն անելու համար դա խիստ անհրաժեշտ է, իսկ պետություն ղեկավարելու պարագայում եւ հատկապես՝ միջազգային հարաբերություններում, նման գործելակերպը պարզապես մանկամտություն է: Իրական, ռեալ քաղաքականությունը՝ մի կողմից, եւ ծափահարությունների արժանացող բոցաշունչ ճառերն ու կենացները կամ սրտիկներ կորզող ֆեյսբուքյան եթերները տարբեր, երբեմն նաեւ՝ տրամագծորեն տարբեր բաներ են: Առաջինը պահանջում է իրավիճակների վրա ազդող գործոնների սթափ, հույզերից զուրկ հաշվարկ: Այդպիսի հաշվարկներով հանդես է եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականի սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում, նույն թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, 1998 թվականի հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, ինչպես նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրարշավի ժամանակ: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Տեր-Պետրոսյանի անձին, նրա վարած քաղաքականությանը՝ որպես նախագահ, նրա գործունեությանը՝ ընդդիմադիր դաշտում: Բայց ցանկացած չնախապաշարված մարդ, եթե չալարի եւ կարդա նշածս նյութերը, կտեսնի, որ նրա հաշվարկները ճիշտ էին: Որոշակի հույս ունեմ, որ հիմա էլ Տեր-Պետրոսյանը հանդես կգա նմանատիպ վերլուծությամբ, որը ցույց կտա այսօրվա աղետալի վիճակից դուրս գալու ճանապարհը: Եթե, իհարկե, այդպիսի ճանապարհ կա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր