211652_close_icon
views-count1738 դիտում article-date 21:54 26-01-2021

Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։ Ծառուկյանը նաև նշել է. «Դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է և Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը: Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք: Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար»։

Նմանատիպ նյութեր