211652_close_icon
views-count17348 դիտում article-date 17:10 26-01-2021

Դյուցազնագրքի ռեկորդակիր Հրաչյա Աբգարյանի նոր հաղթանակները՝ հանուն հայոց քաջերի հիշատակի

Կեսդարյա փառավոր անցյալը թիկունքում՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը շարունակում է իր առաքելությունը. սաների հաղթանակներով համաշխարհային ու հայկական մարզաշխարհի պատմությունն է կերտում: Էջմիածնեցի 17-ամյա Հրաչյա Աբգարյանը վեց տարի է, ինչ զբաղվում է ծանրամարտով և ուժային եռամարտով, սակայն հասցրել է մարզական հարուստ կենսափորձ ձեռք բերել: Սպորտի նկատմաբ անսահման սերն ու նվիրումն են, որ պատանի մարզիկին մոտեցրել են մարզական մեծ տիտղոսների. ուժային եռամարտում պատանիների Աշխարհի առաջնության չեմպիոն և փոխչեմպիոն, Եվրասիայի պատանիների առաջնության չեմպիոն, Եվրոպայի պատանիների առաջնության կրկնակի և Հայաստանի պատանիների առաջնության քառակի չեմպիոն: Փոքրամարմին այս դյուցազնի պատվին միջազգային մրցահարթակներում Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո քանիցս բարձրացել է հայոց Եռագույնը: Մարզական իր հաջողությունների շարքում Հրաչյան առանձնացնում է 2019-ին Լեհաստանում կայացած պատանիների ուժային եռամարտի Աշխարհի առաջնությունը, որտեղ նա դարձավ ոսկե մեդալակիր և իր քաշային կարգում սահմանեց աշխարհի ռեկորդ։ Վերջին մոտեցմանը նրա մրցակիցը ադրբեջանցի էր: Հրաչյան հպարտությամբ է հիշում հաղթական այդ օրը. «Կարծեք՝ հայու գենն իրեն արեց, կարծեք՝ առյուծի կաթ էի կերել: Դժվարանում եմ բառերով ներկայացնել ապրումներս…»: Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր ու ողբերգական օրերից հետո դժվար էր նորից մարզումներ սկսելն ու մրցահարթակ բարձրանալը: Սակայն, հանուն նահատակված հայոց քաջերի հիշատակի, պետք էր պայքարել ու շարունակել նրանց կիսատ թողած ճանապարհը, որ նրանից շատերին տանելու էր դեպի հաղթական բարձունքներ: 2020-ի դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդների եռմարտի առաջնությունում Հրաչյան հաղթեց և հաղթանակը նվիրեց Արցախում զոհված բոլոր հերոսներին, հատկապես՝ ԵՕՀՊՄ քոլեջի նախկին սաներին՝ ծանրորդներ` Էդուարդ Մարանջյանի և Արեն Չատինյանի հիշատակին: Թերևս ճակատագրի նախախնամությունն էր, որ քոլեջում Հրաչյային հատկացվել էր այն ննջասենյակը, որտեղ ուսումնառության և մարզումների տարիներին բնակվում էին Էդուարդն ու Արենը: Մի պահ լռելուց հետո, նա, հուզմունքը զսպելով, ավելացրեց. «Սենյակում օդը մի տեսակ կանգնած է, ծանր ապրումներ են, բայց և պարտավորեցնող…»։ Դժվար է համատեղել արվեստն ու սպորտը, բայց հազվադեպ ազատ լինելու դեպքում գեղանկարչությունը Հրաչյային գուցե մի քիչ անէացնում է: Երիտասարդ ծանրորդի նպատակները դեռևս կապված են միայն մարզաշխարհի հետ, որոնք կիրագործվեն իր աշխատասիրության ու մարզիչների՝ Երվանդ Կիրակոսյանի և Մարտին Մարտիրոսյանի ճիշտ ցուցումների շնորհիվ: Հրաչյայի մարզական հաջողություններում մեծ ներդրում ունեն ՀՀ Պաուերլիֆտինգի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Գագիկ Սարոյանը և ՀՀ Դյուցազնագրքի ասոցիացիայի հիմնադիր -նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ՝ Վարդան Թովմասյանը: Սպորտի վարպետ, Դյուցազնագրքի ռեկորդակիր Հրաչյա Աբգարյանի նորանոր հաղթանակներով հայ ժողովուրդը հպարտանալու առիթներ դեռ շա՛տ է ունենալու։ Ջեմմա Բաղդադյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր