211652_close_icon
views-count1331 դիտում article-date 16:29 26-01-2021

«Առաջնահերթություն են Հորադիզ-Զանգելան, Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթգծերի նախագծերը». Ալիև

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շրջանակներում երկաթուղային նախագծերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ներկայում տարածաշրջանում քննարկվում են տրանսպորտի և կապի ոլորտում խոշոր նախագծեր: Այստեղ, իհարկե, գերակա նախագծերը Հորադիզ-Զանգելան երկաթուղու, այնուհետև Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթուղու նախագծերն են, ինչպես նաև այլ նախագծեր»,-ասել է Ալիևը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ընդունելով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևին: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար, և «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության տրանսպորտի ոլորտում և իր ներդրումն է ունենում այդ աշխատանքում»: «Ես արդեն հանձնարարել եմ սկսել նախագծել Հորադիզ-Աղբենդ երկաթուղին: Այլ նախագծեր նույնպես արդեն մեկնարկել են: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը սկսվել է: Ինչպես ասացի, երկրորդ օդանավակայանը կկառուցվի Քարվաճառի կամ Լաչինի շրջաններում: Ֆիզուլի-Շուշի մայրուղու շինարարությունը սկսված է»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

Նմանատիպ նյութեր