211652_close_icon

Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց էին գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1292 դիտում article-date 18:08 26-01-2021
Դեպքն անցյալ ամիս էր կատարվել՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Ամանորի գիշերը որոշել էին դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհաճ անակնկալ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին չէր… Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին թիվ 22 դպրոցի դռան փականը և, օգտվելով այն հանգամանքից, որ դպրոցի մի մասում նորոգման աշխատանքներ են ընթանում, ըստ նախնական տվյալների՝ երեք լվացարան և 2 հազար 140 ջեռուցման մարտկոց էին գողացել՝ պատճառելով մոտ 13 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։ Կատարվածի վերաբերյալ հունվարի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Դպրոց մեկնած իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը` պարզելու, թե որտեղից և ինչ հանգամանքներում է կատարվել գողությունը: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ մարտկոցների մի մասը դեռ տեղադրված չէին: Այդ քայլին գնացողը հավանաբար տեղյակ էր եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, նաև՝ թե մարտկոցները որտեղ են պահեստավորված։ Չէր բացառվում` ներսի մարդ լիներ։ Վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու։ Քրեական հետախույզները դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գողությունը կատարել էր դպրոցում շինարարական աշխատանք կատարող մի բանվոր՝ կաթսայատան աշխատողի հետ, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը Քասախ գյուղի բնակիչ էր։ Իրավապահները հունվարի 9-ին դպրոցի կաթսայատան աշխատակցին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Հետագա միջոցառումներով, համագործակցելով ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, հունվարի 20-ին Գյումրից Երևան բերման ենթակվեց նաև մյուս կասկածյալը, որի «Օպել» մակնիշի մեքենայով էլ տեղափոխել էին ջեռուցման մարտկոցները։ Նշենք, որ Քասախ գյուղի 35-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ բուսական զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր