211652_close_icon
views-count2470 դիտում article-date 09:38 26-01-2021

Ա1+-ը եթեր չստացավ, Հ2-ը զրկվեց եթերից, իսկ CNN-ը չի լինի անվճար հեռուստաալիքների շարքում․ մրցույթն ավարտված է, պայքարը շարունակվում է․ «Ամերիկայի ձայն»

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը՝ հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից անցկացված՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման մրցույթների արդյունքները, 2021 թվականի հունվարի 21-ից դադարեցրեց թվային հաղորդիչ ցանցով «Հ2», «ԱՐ» և «CNN» հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ «Ա-ԹիՎի» հեռուստաալիքի սփռումը, այսուհետ, ընդլայնվեց՝ մուտք գործելով հանրապետական ցանց։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5751840.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Վերջին անգամ հանրային մուլտիպլեքսի սլոթի, անվճար հեռոիստաալիքների մրցույթ եղել էր 10 տարի առաջ, և, ինչպես նախկինում, այս անգամ էլ պայքարը թեժ էր․ հանրապետական 5 տեղի համար դիմել էր 12 հեռուստաընկերություն, իսկ մայրաքաղաքային 7 սլոթի համար՝ 13-ը։ Գործող հեռուստաընկերություններից մրցույթին չմասնակցեց միայն «ԱՐ»-ը, և դա եղել է սեփականատերերի սեփական որոշումն՝ այլևս չզբաղվել այս բիզնեսով։ Հ2 «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը գտնում է, որ իրենց ներկայացրած փաթեթը մրցունակ էր, հեռուստաալիքը հանրային մուլտիպլեքսում սլոթ չստացավ հանձնաժողովի կողմնակալ վերաբերմունքի հետևանքով։ «Մենք անպայմանորեն ՀՌՀ-իՙ այս ոչ իրավաչափ եւ խտրական մոտեցմամբ ընդունած որոշումը վիճարկելու ենք, բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Եվ դա անելու ենք մեր սիրելի հեռուստադիտողիՙ տեղեկատվություն ստանալու իրավունքը վերականգնելու նպատակով»,- ասաց Շավարշ Գևորգյանը՝ պնդելով, որ իրենց ներկայացրած փաթեթը մրցունակ էր և համապատասխանում էր հանրապետական սփռման սլոթի բոլոր անրաժեշտ չափանիշներին»: «Ա1+» հեռուստաալիքը դիմել էր միայն հանրապետական սլոթի համար, բայց փաթեթի գնահատականները չբավարարեցին։ «Ա1+»-ը կրկին եթեր չստացավ։ «Մինչդեռ նույն փաթեթով հնարավոր կլիներ մայրաքաղաքային սլոթ շահել,- ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ շեշտելով, որ «Ա1+»-ին առաջարկվել է դիմել նաև մայրաքաղաքային սլոթի համար, ինչպես վարվել էին գրեթե բոլոր հայտնի հեռուստաընկերությունները,- «Ինձ համար անհասկանալի էր այդ տրամաբանությունը։ Եթե պատմական արդարության վերականգման խնդիրն է, ապա թողնել Ա1+-ին՝ իր թույլ ծրագրով, թույլ տեխնիկական և ֆինանսական հնարավորություններով, հանրապետական սլոթում, նշանակում էր նոր անարդարություն գործել այլ հեռուստաընկերությունների նկատմամբ՝ միայն «Ա1+»-ին սլոթ տալու համար»։ Առաջիկայում նախատեսվում է մրցույթ՝ ազատ մնացած 1 մայրաքաղաքային սլոթի համար։ Դեռևս հայտնի չէ «հ2» և «Ա1+» հեռուստաալիքներն արդյոք կդիմե՞ն այդ սլոթը զբաղեցնելու համար, թե՝ ոչ, բայց երկուսի դեպքում էլ մրցույթին մասնակցությունը չի բացառվում։ Այդուհանդերձ, «Հ2»-ը մտադիր է բողոքարկման ճանապարհով վերականգնել իր դիրքը հանրապետական ծածկույթում։ Տեսալսողական մեդիայի մասին նոր, ամռանն ընդունված օրենքը արգելում է օտարալեզու հեռուստաընկերությունների վերահեռարձակումը Հայաստանում՝ հանրային մուլտիպլեքսով։ Օտարերկյան ալիքների հեռարձակման համար անհրաժեշտ է կնքել միջպետական պայմանագիր։ Եվ ահա, ամերիկյան CNN-ը դուրս մնաց անվճար հեռուստաեթերից՝ միջպետական պայմանագրի բացակայության պատճառով։ Ռուսաստանի ու Հայաստանի միջև անմիջապես պատերազմից հետո կնքվեց պայմանագիր՝ միանգամից 3 անվճար հեռարձակման սլոթերի համար, դրանցից 1-ը՝ հանրապետական, 2-ը՝ մայրաքաղաքային։ Այդպսիով,ռուսական հեռուստաալիքները մնացին հայկական եթերում։ Ռուսական ալիքների՝ հանրային խիստ սահմանափակ մուլտիպլեքս մտնելու պատճառով, որոշ տեղական լրատվամիջոցներ կորցրեցին եթերի հնարավորությունը։ «TV5»-ը, օրինակ, չնայած ձեռք բերած բարձր բալերին, տեղ գրավեց միայն մայրաքաղաքային եթերում։ «Հանրապետական սփռում հնարավոր կլիներ ստանալ, եթե հանրապետական սլոթերը գոնե մեկով ավելի լինեին»,- կարծում է հեռուստաընկերության ղեկավար Հարություն Հարությունյանը։ Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը խիստ բացասական է գնահատում անվճար հեռուստաեթերից միակ անգլալեզու, այն էլ ՝ ամերիկյան, հեռուստաալիքի դուրս թողնելը։ «Հանրային միջոցների հաշվին ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում մեծ խնդիր է,- նրա կարծիքով,- կապված՝ այդ ալիքներով տարվող քարոզչության հետ (բացառություն է մշակութային ուղղվածության «Կուլտուրա» ալիքը)։ Եթե ամերիկյան հեռուստաքարոզչությունը հիմնականում վերաբերում է ամերիկյան խնդիրներին, ապա ռուսական ալիքներով ճակատային քարոզչություն է տարվում հիմնականում 3 ուղղություններով,- ասում է ռուսական ալիքների մոնիթորինգով զբաղվող քաղաքագետը,- և այդ ուղղություններ են․ հակաամերիկյան , հակաեվրոպական և հակահամամարդկային արժեքներ»։ Անուշ Սեդրակյանի խոսքերով, ՀՀ ներկա իշխանություններին հաջողվեց արագ, հեշտությամբ և առանց որևէ դիմադրության հանել ամերիկյան հեռուստաալիքը եթերից, մի բան, որը, իր խոսքեորվ , չէր հաջողվել ո՛չ Ռոբերտ Քոչարյանին և ո՛չ էլ Սերժ Սարգսյանին։ Անուշ Սեդրակյանը մտադիր է փորձի համար դիմել ամերիկյան կողմին, խնդրելով՝ քայլեր ձեռնարկել միջպետական համաձայնագրի կնքման և CNN-ը եթեր վերադարձնելու ուղղությամբ, և կանխակալ համոզված է, որ որևէ պարագայում , միևնույնն է, ամերիկյան հեռուստաալիքը անվճար հեռուստացանկում չի հայտնվի։ Հայաստանում Freedom House ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանը խնդրին ծանոթանալու նպատակով հանդիպումներ է ունեցել շահառու կողմերի հետ, ուսումնասիրել է հանրային մուլտիպլեքսի կարգավորման օրենսդրությունն ու մրցույթից հետո ստեղծված իրավիճակը և եզրակացրել, որ հատուկ՝ միտում խոսքի ազատության սահմանափակման նպատակով, ՀՌ հանձնաժողովը չի ունեցել։ CNN-ի եթերազրկումը նոր օրենքի պահանջների հետևանքն է․ «միտում կամ գրաքննություն մենք ամենևին չենք տեսնում,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Սոսի Թաթիկյանը՝ շեշտելով,- յուրաքանչյուր պետության օրենսդիր մարմնի ինքնիշխան իրավունքն է՝ իր օրենսդրական կարգավորումներն ընտրել և ըստ դրա ձևավորել իր մեդիա դաշտը»։

Նմանատիպ նյութեր