211652_close_icon
views-count2897 դիտում article-date 18:40 25-01-2021

Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ Երևանում

Հունվարի 26-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) տեղի կունենա օպերային երգիչ Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ պատերազմի մասնակից զինվորների համար։ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով, քանի որ նա գտնում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր և հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։ «Արտերկրում ապրող ոչ մի իսկական Հայ չի կարող անտարբեր անցնել տեղի ունեցած պատերազմի և դրա հետևանքների կողքով։ Հաշմանդամ դարձած զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշել եմ, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի և ֆինանսական օգնություն այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս ապրում ենք։ Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են լինելու պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ և հոգեբան Իրինա Ծատուրյանն,ով կծանոթանա զինվորների հետ։ Անհրաժեշտության դեպքում նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետևանքները», - նշում է Ադամ Բարրոն և հավելում, որ լրագրողները մեծ աշխատանք են տանում՝ պատրաստելով նյութեր զինվորների մասին, բայց դա բավական չէ, հարկավոր է անդրադառնալ բոլորին ,քանի որ պատերազմի յուրաքանչյուր մասնակից արժանի է ուշադրության։ « Ոտքի՛, Արտիստներ... ! Հիմա կրկին ժամն է Հառնելու՛, Պայքարելու՛, Գոտեպնդվելու՛ եւ Ոգեշնչելու՛ մեր Հայորդիներին, ովքեր պատրա՛ստ էին եւ պատրա՛ստ են Հանուն Մեր Հայրենիքի, Հանուն մեզ իրենց կյանքը զոհելու։ Խոնարհվում ենք մեր ընկած Հերոս Արծիվների առաջ ! Այսօր Ձեր և նահատակված Մեր Հերոսների շնորհիվ է, որ մենք կանգուն ենք Հայրենի հողում ! Շնորհակալ լինելու իմ այս պարտքը թող որ վարակիչ բարի օրինակ լինի բոլորի համար։ Իմ ընկերներ, գործընկերներ եւ Հայ մարդասերներ, Հայրենիքի պաշտպանները չվարանեցին եւ մեկնեցին ճակատ, հիմա էլ ժամանակն է, որ մենք լինե՛նք նրանց կողքին ! Տերը Սեր է, եւ ուրեմն, մենք էլ Սերն ենք Տիրոջ ... !». Ազնվաբար, Ադամ Բարրո Երգիչը նաև թանգարանի տոմսեր է գնել բոլոր հրավիրվածների համար. Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը կուղեկցի ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես կգա 5 կատարումով։ Որոշվել է երկար համերգային ծրագիր չանել, քանի որ գուցե զինվորների համար այս պահին դա փոքր-ինչ ցանկալի և հարմար չլինի։ Համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն կցուցաբերի, միջոցառումը լի կլինի անակնկալներով, հյուրերը ևս պատրաստել են նվերներ։ Բարրոյի խոսքով՝ այսօրվա զինվոր Արծիվներն առհավետ մեր Հերոսներն են, իսկ մենք՝ նրանց կողքին։

Նմանատիպ նյութեր