Նախնական փուլում թուրքական ընկերությունները նախատեսում են 50 միլիոն դոլար ներդնել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեքստիլ գործարաններ կառուցելու համար: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով TÜMKİAD-ի (Ամբողջական զարգացման գործարարների և ձեռներեցների ասոցիացիա) խորհրդի նախագահ Իլհամ Օզթյուրքին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում։
Նա նշել է, որ իր ղեկավարած կառույցը գործունեություն է ծավալում բազմաթիվ ոլորտներում, սակայն սկզբնական փուլում նախատեսվում է ներդրումներ կատարել տեքստիլի ոլորտում:
Օզթյուրքը հավելել է նաև, որ Ադրբեջանում քննարկումներից հետո կորոշվի, թե այլ ոլորտներում ինչ աշխատանք է կատարվելու:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաքվում տեղի էր ունեցել հանդիպում TÜMKİAD-ի խորհրդի նախագահ Իլհամի Օզթյուրքի գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի ձեռներեցների (գործատուների) ազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերակառուցման աշխատանքների, այնտեղ ապրող մարդկանց աշխատանքով ապահովելու հետ կապված հարցեր:
Օզթյուրքը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել այդ տարածքներում վերականգնման աշխատանքներին, իսկ այցը նպատակ ունի այդ խնդիրները քննարկել Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ:
Նրա խոսքով, այս ուղղությամբ Ադրբեջանին աջակցելու ծրագրի շրջանակներում առաջնահերթություն է արդյունաբերական գործարանների և տեքստիլ գործարանների կառուցումը:
Հանդիպման ավարտին TÜMKİAD-ի և Ադրբեջանի ձեռներեցների ազգային կոնֆեդերացիաների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թուրքական ընկերությունները նախատեսում են 50 մլն դոլար ներդնել Արցախում տեքստիլ գործարանների կառուցման համար
2021.01.21 16:32


