211652_close_icon
views-count1630 դիտում article-date 13:25 21-01-2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերներին է նվիրաբերում համակարգչային տեխնիկա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը կնվիրաբերի համակարգչային տեխնիկա: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկան թարմացնելու նպատակով ստացվել է բավարար քանակի համակարգչային և հարակից տեխնիկա, որի արդյունքում որոշ քանակի համապատասխան տեխնիկա փոխարինվել է և դեռ փոխարինվում է: «Արդյունքում առաջանում է փոխարինված համակարգչային որոշ քանակի պահուստ, որը տեխնիկապես և համակարգչային տեխնիկային ներկայացվող չափանիշների տեսանկյունից դեռ ենթակա է հետագա շահագործման: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ինֆրակառուցվածքների կրած կորուստները, նաև Արցախի Հանրապետության ԱՍՀՄ նախարարության դիմումները նշված հարցում աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ առաջարկվում է նախարարության առկա պահուստի մի մասը նվիրաբերության կարգով հանձնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը»,- ասված է հիմնավորման մեջ: Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ որոշ չափով կլուծվի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության բնակչության սոցիալական պաշտպանության աշխատանքների էլեկտրոնային կառավարման խնդիրները:

Նմանատիպ նյութեր