211652_close_icon
views-count1208 դիտում article-date 11:30 20-01-2021

Պատերազմը և «դուխի գործոնը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեր պետության կրած պարտությունից եւ ազգային նվաստացումից հետո «հաճելի» եւ «ոգեւորիչ» բաներ խոսելը նշանակում է՝ դասեր չքաղել կատարվածից եւ գնալ հետագա պարտությունների ճանապարհով: Նախեւառաջ, պետք է ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել, պարտություն էր եւ նվաստացում, ինչը մեր այսօրվա իշխանությունը չի ընդունում, որովհետեւ, եթե ընդունի, հարց կծագի՝ բա այդ դեպքում ինչո՞ւ եք դեռեւս նստած ձեր աթոռներին: Իսկ երկրորդ քայլը պետք է լինի՝ ընդունել դառը ճշմարտությունները՝ ճշմարտություններ, որոնք, մասնավորապես, ինձ համար տհաճ է արտաբերել: Մինչեւ 2020 թվականը, մինչեւ կորոնավիրուսը եւ պատերազմը, շատերն աշխարհում (այդ թվում՝ ես) համոզված էինք, որ ժողովրդավարությունը, ազատական արժեքները դավանող երկրները բոլոր պարագաներում առավելություններ ունեն բռնապետական, մարդու իրավունքները ճնշող պետությունների հանդեպ: Մեր այդ համոզմունքը հիմնված է այն «կանխավարկածի» վրա, որ մարդը, անհատը՝ իր ներաշխարհով, իր արժեքային համակարգով, իր հմտություններով բոլոր հարցերում ամենակարեւոր գործոնն է: Բայց այսօր իմ հավատն առնվազն սասանվել է, եւ պատճառը տեխնոլոգիաների զարգացումն է: Բերեմ մի պարզ օրինակ. տաքսու վարորդն, անշուշտ, ունի իր ներաշխարհը, բայց ձեզ՝ որպես ուղեւորի, չի հետաքրքրում, թե ինչ ծխախոտ է նա ծխում, ինչ երաժշտություն է լսում եւ ինչ քաղաքական հայացքներ ունի՝ ձեզ պետք է, որ նա արագ եւ անվտանգ հասցնի ձեզ տնից աշխատավայր: Եվ եթե համակարգչով ղեկավարվող մեքենան առանց վարորդի ձեզ տեղ հասցնի ավելի անվտանգ, ավելի արագ եւ ավելի էժան, դուք, բնականաբար, կգերադասեք այդ տիպի փոխադրումը: Եթե արդյունավետության առումով ներաշխարհը, հայացքները, ազատ կամքը՝ այն ամենը, ինչին մենք՝ ազատականներս, հավատում ենք, պակաս կարեւոր են, քան տեխնոլոգիաները, ուրեմն եկեք եւս մեկ անգամ մտածենք, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում: Հիմա այդ դատողությունները տեղափոխենք ռազմական ոլորտի վրա. մի՞թե նույն օրինաչափությունը չի գործում: Գուցե հենց այդ օրինաչափության պատճառով ոտից գլուխ կոռումպացված բռնապետ Էրդողանը իր համար բարենպաստ արդյունքների է հասնում տարածաշրջանում (նաեւ Արցախում), եւ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը», որը ղեկավարվում է ազատական գաղափարներով, դրան ոչինչ չի կարող հակադրել: Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, համոզված էր, որ եթե պատերազմ սկսվի, ապա մարդկանց, անհատների, ժողովրդի «դուխի» միջոցով հնարավոր է հաղթել եւ նոր տարածքներ գրավել՝ չնայած մասնագետները, այդ թվում ԶՈւ շտաբի պետը, նրան զգուշացնում էին, որ դա այդպես չէ: Այդ համոզմունքով պայմանավորված նա, ըստ էության, տապալեց բանակցությունները եւ անմիտ, խելահեղ հայտարարություններ էր անում: Ավելին՝ անգամ պատերազմի ընթացքում նրան թվում էր, թե ինչ-որ հրաշքով, «թասիբի եռալու» շնորհիվ հնարավոր է «բեկում մտցնել» եւ հաղթել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս՝ վերջին պատերազմը առավելապես տեխնոլոգիական էր, եւ աշխարհի հետ «դուխով խոսելու» համար պետք է ունենալ տեխնոլոգիաներ, որոնք եռակի, քառակի կգերազանցեն Թուրքիայի ունեցած տեխնոլոգիաները (եթե բոլոր մնացած քաղաքական գործոնները հաշվի չառնենք): Իսկ ամենակարեւորը՝ պետք է հաշվի առնել, որ հաջորդ պատերազմը (որն, իմ կարծիքով, անխուսափելի է) կլինի ավելի տեխնոլոգիական: Դրան պատրաստվելու համար մեզ պետք են սթափ՝ իրենց քթից եւ «մեսիական» ամբիցիաներից այն կողմ տեսնող լիդերներ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր