211652_close_icon
views-count6164 դիտում article-date 11:11 19-01-2021

Պարտվողին «միջանցքներ» չեն տրամադրվում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Բա վա՞տ կլինի, որ մեր բեռները Նախիջեւանով հասնեն Իրան եւ Ադրբեջանով՝ Ռուսաստան»,- հարցնում են իշխանության ներկայացուցիչները եւ քարոզիչները: Նրանց ասածն այն է, որ Հայաստանում կան ինչ-որ ծայրահեղ ազգայնական շրջանակներ, որոնք ինչ-ինչ էմոցիաների կամ համոզմունքների ազդեցության տակ դեմ են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը: Գուցե նման հատուկենտ մարդիկ իսկապես կան, բայց խնդիրն ամենեւին նրանք չեն: Հարցը պետք է դնել այսպես՝ հնարավո՞ր է արդյոք, որ ճանապարհները ապաշրջափակվել են Հայաստանի համար: Ես այս հարցում լուրջ կասկածներ ունեմ: Հիշեցնեմ, թե ինչ է ասված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: «Ապաշրջափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի հետ համաձայնեցված կիրականացվի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ կապող նոր հաղորդակցությունների շինարարությունը»: Եռակողմ հայտարարությունն, իմ կարծիքով, ամրագրում էր մեր ռազմական պարտությունը, եւ մեջբերված 9-րդ կետը նույնպես պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Թե չէ, եթե իշխանության քարոզիչներին լսենք, ապա ստացվում է՝ «ի՜նչ լավ է, որ մենք պարտվել ենք՝ վերջապես ճանապարհները կապաշրջափակվեն»: Հայտարարության մեջ ընդհանուր ձեւով ասվում է ԲՈԼՈՐ տրանսպորտային կապերի մասին, բայց մեխանիզմների առումով խոսվում է միայն ՄԵՐ պարտավորությունների եւ Ռուսաստանի վերահսկողության մասին կոնկրետ մեկ՝ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի եւ դրա համար անհրաժեշտ նոր հաղորդակցությունների շինարարության մասին: Թուրքիային եւ Ադրբեջանին միայն դա՛ է պետք, եւ ոչ մի տեղ ասված չէ, որ Ադրբեջանը պարտավորվում է ապահովել իր երկրի տարածքով հայաստանյան բեռների անվտանգությունը եւ նոր ճանապարհների շինարարությունը: Ինչպես հայտարարության մյուս կետերի դեպքում է՝ մեր կողմից Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցքի տրամադրումը նրանց, այսպես ասած, «ռազմավարն» է: Քաղաքական տեսակետից Թուրքիային եւ Ադրբեջանին բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանի տնտեսական զարգացումը՝ հաղորդակցությունների բացման միջոցով, հակառակը՝ նրանք շահագրգռված են, որ մեր ճանապարհները դառնան «կույր աղիք»: Զուտ տնտեսական առումով նրանց հայկական ապրանքներն ու հայկական շուկան առանձնապես հետաքրքիր չեն, իսկ տարանցիկ վճարները չեն կարող այնքան մեծ լինել, որ ազդեն Ադրբեջանի բյուջեի վրա: (Ի դեպ, նույնը նաեւ մեզ է վերաբերվում): Եվ, վերջապես, հոգեբանական տեսանկյունից ես չեմ պատկերացնում, թե ինչպես են ադրբեջանցի եւ հայ պաշտոնյաները երկխոսելու հավասարը հավասարի պես, համենայնդեպս՝ Հայաստանի այս՝ պարտված իշխանությունների պարագայում: Ես չեմ ասում, որ այս խնդիրները լուծելի չեն, կամ՝ որ նման համագործակցություն ընդհանրապես հնարավոր չէ: Խոսքն այն մասին է, որ պետք չէ մարդկանց հիմարի տեղ դնել եւ մոլորեցնել՝ «պարտության առավելությունների» մասին խոսելով: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր