211652_close_icon
views-count14899 դիտում article-date 12:31 17-01-2021

Երեխաների կողմից շատ սիրված պարուսույց Սերո Աղաբեկյանը մերօրյա հերոսներից է.. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2021/01/17/1165232/?fbclid=IwAR2fStheZuSK915HUMBtmi1_nlXsYpaP5REBL3YvMEDr6JkosBNDnRsaCz4]Aravot.am[/url]-ը գրում է. Ամիսներ առաջ էի գրել երեխաների կողմից շատ սիրված պարուսույց Սերո Աղաբեկյանի մասին, որը մերօրյա հերոսներից է: Նա ծնվել է Ճարտարում 1998 թվականի դեկտեմբերի 16-ին: Ավարտել է Ա. Ավանեսյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Ազատամարտիկների անվան հ. 1 մ/հ դպրոցում: 2011 թվականին ընդունվել էր Ճարտարի արվեստի դպրոցի պարի, երգեցողության ու նկարչության բաժինները: Վերջին հարցազրույցի ժամանակ Սերոն անկեղծացավ. «Սկզբից չէի սիրում պարը, քանի որ որոշ շարժումներ շատ դժվար էի ըմբռնում, մի քանի պարապմունք սիրով չէի հաճախում, բայց արդեն 4-5-րդ պարապմունքների ժամանակ, երբ սկսեցի արդեն շարժումներ կատարել՝ միանգամից սիրեցի ու սիրով հաճախեցի պարի խմբակը»: Սերոյի քույրը՝ Սիրանուշը, ևս իր եղբոր հետ 2011 թվականից հաճախել է պարի: Սերոն ինձ պատմում էր, որ իրար ձեռք բռնած սկսել են իրենց քայլերն ու հասել հաջողությունների: Արվեստի դպրոցն ավարտելուց հետո Սերո Աղաբեկյանը տեափոխվել է Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ: Ապագայի հանդեպ մեծ հույսերով լցված երիտասարդն, ավարտելով պարարվեստի քոլեջը, աշխատանքի է անցնում Մարտունու և Ճարտարի արվեստի դպրոցներում, որոշ ժամանակ դասավանդելուց հետո անցավ պարտադիր զինվորական ծառայության: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է ծննդավայր և շարունակում դասավանդել: «Ճիշտ է, շատ են լինում առաջարկություններ, որ տեղափոխվեմ և դասավանդեմ ուրիշ արվեստի դպրոցներում, սակայն ես այս պահին չեմ կարող հեռանալ իմ հարազատ ծննդավայրից»,-հայրենիքի հայորդին այսպես է պատասխանում իմ հարցին: Մեր ժամանակներում կա այն կարծրատիպը, թե տղան պարի հետ ի՞նչ առնչություն ունի: Սակայն մարդիկ մոռանում են, որ տղաները պարի ասպարեզում ունեն ուրույն նշանակություն: Սերոն բացատրում էր, որ եթե պարը տղաների կողմից ներկայացվի որպես տղային բնորոշ պար, ապա ժողովրդի կողմից կընդունվի: Բայց հաճախ են լինում դեպքեր, երբ տղա պարողները պարային սխալ ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով էլ տեղ են գտնում այդ կարծրատիպերը: Չեմ մոռանա Սերոյի պատասխանն իմ հարցին, թե ինչ է պարարվեստը նրա համար. «Պարարվեստն իմ կյանքում կարող եմ հաղթանակ համարել, քանի որ ես իմ ներսում ունեցած ոգևորությունն ու ունակությունները փոխանցում եմ մարդկանց»: Ցավոք, պատերազմը մեզանից խլեց տաղանդավոր ու սիրված Սերո Աղաբեկյանին, որի կյանքի նպատակները ակնհայտ էին, գործը արդար և ոգևորող: Հարազատ կրթօջախում սիրով են հիշում նրան, չեն հավատում, որ կենսուրախ Սերոն այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ: Նա թողել է մի կարևոր պատգամ՝ կյանքի հաղթանակների մասին… և այդ հաղթանակները դեռ կերտվելու են: Նա կերտեց նաև ի՛ր հաղթանակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր