SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 16-ամյա Հովհաննես Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում գործող Ձմեռային այգում։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հովհաննես Հ․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ձմեռային այգու սահադաշտում։ Փաստի առթիվ անչափահասների գործերի բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հրապարակումից որոշ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Բարսեղյանից ստացել է պարզաբանում:
SHAMSHYAN.com-ի աղբյուրները պնդում են, որ մեր հայտնած տեղեկությունները հավաստի են, որի մասին էլ կա ոստիկանությունում պաշտոնական հաղորդագրություն, որի մեջ էլ նշված է, թե որտեղ և ինչ հանգամանքներում է երեխան վնասվածքներ ստացել, ինչն էլ մենք ներկայացրել ենք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սույն հրապարակումից որոշ ժամանակ անց՝ «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Տնօրեն Հ. Վարդանյանը SHAMSHYAN.com-ին է ուղարկել հերքում, որն ըստ պահանջի հրապարակում ենք․
«SHAMSHYAN.com էլեկտրոնային լրատվական կայքը 16.01.2021թ. ժամը 16:18 րոպեին «Արտակարգ դեպք Երևանում․ Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգու սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա» վերտառությամբ հրապարակել է հոդված, որն, ըստ էության, վերաբերում է «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (winter park): Հոդվածում տեղ են գտել հայտարարություններ, տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, մասնավորապես իրականությանը չի համապատասխանում այն, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ձմեռային այգու սահադաշտում:
«Սահադաշտում» գործունեություն է իրականացնում «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի տարածքում երեկ և այսօր որևէ ծեծկռտուք տեղի չի ունեցել: Այդ ծեծկռտուքը տեղի է ունեցել սահադաշտի տարածքից դուրս, Թբիլիսյան խճուղու վրա, որը սեփականության և այլ իրավունքով չի պատկանում «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Սույնով կտրականապես հերքում ենք Հոդվածում հրամցվածն այն մասով, որն առնչվում է, նրան, որ «Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգու սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա», և առհասարակ Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգում որևէ ծեծկռտուք տեղի չի ունեցել, սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով որևէ անձ չի տեղափոխվել հիվանդանոց, այլ այգու տարածքից դուրս տեղի ունեցած վիճաբանությունից և ծեծկռտուքից հետո այգու աշխատակիցների կողմից ցուցաբերվել է առաջին օգնությունը, ուստի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի համաձայն, պահանջում ենք հրապարակել հերքումը»:
SHAMSHYAN.com-ը վերստին հաստատում է, որ սույն հոդվածում հրապարակված բոլոր տեղեկությունները հավաստի են, ստուգված և համապատասխանում են իրականությանը։
Արտակարգ դեպք Երևանում․ Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգու սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա
2021.01.16 16:18


