211652_close_icon
views-count1574 դիտում article-date 16:57 01-01-2021

Պետք է արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով կերտենք մեր ճակատագիրը․ Արցախի թեմի առաջնորդն ամանորյա ուղերձ է հղել

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը Ամանորի կապակցությամբ տեսաուղերձ է հղել․ «2020-ը նահանջ տարի էր, որ միշտ դժվարություններով լի է լինում։ Այն մեզ համար եղավ հերոսապատումի, դժվարությունների, փորձության, կորուստների տարի։ Թող այն անցնի պատմության գիրկը և նոր սպասումով ու նոր հույսով դիմավորենք նոր տարին։ Մենք այս գալիք նոր տարվա մեջ պիտի վերախմբավորվենք, ավելի կազմակերպվենք. դժվարությունները գալիս-գնում են ձմռան դաժան օրերի նման, գիշերը փոխարինվում է առավոտով, լույսով ու նոր կյանքով։ Մենք էլ այդ հույսով պիտի ապրենք։ Հաղթում է նա, ով վերարթնանում է և վերակազմակերպվում։ Դարեր շարունակ Արցախը մաքառել է իր անկախության, ազատության համար։ Մենք ունեցել ենք բազում հաղթանակներ, երբեմն հպատակվել ենք՝ պարսիկներին, թաթար մոնղոլներին, արաբներին։ Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը մինչև վերջ՝ վերջնական արդարությունն ու ազատությունը հաստատելու մեր պատմական մայր հողի վրա։ Մենք պետք է կերտենք մեր ապագան՝ նոր հույսերով, նոր սպասումներով, ինչը կախված է մեզանից»,- ասել է Սրբազանը՝ կոչ անելով վերակազմակերպվել՝ գալիք հաջողություններ ունենալու համար։ Նա մաղթել է, որ 2021 թվականը հայ ազգի համար լինի խաղաղության, ստեղծագործության, շինարարության, ամոքելու տարի։ «Մենք պետք է այդ սպասումով ապրենք, արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով, մեծ հույսով կերտենք մեր ճակատագիրը։ Մենք պետք է ուժեղ լինենք»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նմանատիպ նյութեր