211652_close_icon
views-count1273 դիտում article-date 11:35 01-01-2021

ԵՄ խորհրդի նախագահությունը կես տարով անցել է Պորտուգալիային

Հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը Գերմանիայից անցել է Պորտուգալիային: Այն կտևի կես տարի, իսկ հուլիսի 1-ին կփոխանցվի Սլովենիային, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները: Պորտուգալիայի համար սա ԵՄ խորհրդի չորրորդ նախագահությունն է: Այն իրականացվում է ռոտացիոն հիմունքներով: Ավելի վաղ հանրապետության վարչապետ Անտոնիու Կոշտան հրապարակել էր պորտուգալական նախագահության երեք հիմնական գերակա խնդիրները՝ «տնտեսական վերականգնում, սոցիալական հենարանի ամրապնդում և ավելի անկախ Եվրոպա, որը նաև ավելի բաց է աշխարհի համար»: Ակնկալվում է, որ հունվարի 5-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցելի Լիսաբոն, որտեղ կներկայացվի ԵՄ Խորհրդում հանրապետության նախագահության ծրագիրը: Գերմանիան դժվար ժամանակ էստաֆետը փոխանցեց Պորտուգալիային: Համավարակի հետևանքների հաղթահարումը, Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրամիությունից, ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունների կառուցումը, միգրացիայի հարցը միայն մի մասն են այն մարտահրավերների, որոնց հանրապետությունը ստիպված կլինի բախվել առաջիկա վեց ամիսների ընթացքում: ԵՄ Խորհրդում Պորտուգալիայի նախագահության ընթացքում կարևոր մարտահրավեր կլինի համավարակի դեմ պայքարը: Ինչպես հայտարարել է Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանտոս Սիլվան, առաջնահերթություններից մեկը կլինի «հանուն առողջության իրական դաշինք» ստեղծելն ու COVID-19-ի դեմ պատվաստումների ռազմավարության խթանումը: Պորտուգալիայի արտգործնախարարը նաև կարծում է, որ «Եվրոպան պետք է աշխարհի բոլոր ուղղություններով նայի»: Այս առումով, բացի ընտրություններում ժողովրդավար Ջո Բայդենի հաղթանակից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը, Պորտուգալիան կնպաստի Հնդկաստանի ղեկավարության հետ եվրոպական առաջնորդների հանդիպման անցկացմանը: Մեկ այլ կարևոր մարտահրավեր է միգրացիայի հարցը՝ «ամենաբարդ թեմաներից մեկը», կարծում է նախարարը: Այս հարցը քննարկելու համար հանրապետության իշխանությունները փետրվարին հանդիպում են նախապատրաստում Եվրամիության անդամ երկրների ՆԳՆ և ԱԳՆ ղեկավարների մակարդակով: Արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ ԵՄ խորհրդում Պորտուգալիայի նախագահության ընթացքում կարևոր մարտահրավերներ կլինեն «Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը» և համայնքից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված խնդիրները: Բացի այդ, առաջիկա վեց ամիսների ընթացքում հանրապետությունը ջանքերը կկենտրոնացնի «ԵՄ-ի՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնորդի, առաջընթացի» և «թվային նորարարության ու թվային տնտեսության մեջ եվրոպական առաջնորդության» վրա, ասվում է պորտուգալական նախագահության կայքում:

Նմանատիպ նյութեր