211652_close_icon
views-count7157 դիտում article-date 10:20 31-12-2020

Հայրենասիրությունը սահմաններ չունի. Երևանում բացվեց «Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ» խորագրով մանկական բարեգործական ցուցահանդեսը

«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարեր շարունակ հայ ժողովուրդն իր ինքնորոշման, մշակույթի, ավանդույթների պահպանման նպատակով հերոսական մարտեր է մղել բազմաթիվ թշնամիների ու հրոսական խմբերի դեմ: Նորագույն պատմության ամենավճռականը հայ-ադրբեջանական հակամարտություն է,որը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջեւ ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր զինված ընդհարումներ։Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։ 2020թ․ հուլիսին սկսվեցին բախումներ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։ Դրա ապացույցն է սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողությունները:Այսպիսով,սեպտեմբերի 27-ի պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն Թուրքիայի ու նրա կողմից բերված վարձկան ահաբեկիչների կողմից նախ եւ առաջ ողբերգություն էր հայ ազգի համար, մի խոսքով սա մի նոր եղեռն էր: Այստեղ հայերը հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցան: Ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ դատապարտելու երկու ահաբեկիչ երկրներին: Թեպետ կնքվել է հրադադար, սակայն առ այսօր էլ շարունակվում են քննադատություններն ու ոգեշնչման ելույթներն այս առիթով: Այն շարունակվում է տարբեր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից մինչեւ մշակույթ: Հետաքրքիր ու հայրենասիրական գեղեցիկ մի ծրագիր 27․12․2020-ին տեղի ունեցավ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական Մերգելյան ինստիտուտի բարձրահարկ շենքի վերին՝ բետոնի և ապակու համադրությամբ նոր շունչ առած հարկում տեղավորված IT ժամանակակից աշխատանոցում: Այստեղ բացվեց «Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ» խորագրով բարեգործական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Կազմակերպիչներն էին՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ` [url=https://haysanta.am/hy/%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a7%d5%bb/?fbclid=IwAR35b_KQJ-jibVwpePcG0iyzpy9q8R_EJ3GzgBUruRvwLPy84uaxBOshO-k]www.haysanta.am[/url], COWO Community Workspace՝ https://www.cowo.am/: Երեխաների ստեղծագործությունների ցուցադրությունը սկսվեց տեր Եսայի քահանա Արթենյանի օրհնության խոսքով Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված լռության րոպեով: Ողջ միջոցառման ընթացքում ներկայացվում էին առաջնագծի զինվորների լուսանկարները, և նրանք իրենց վիրտուալ ներկայությամբ ոգեշնչում էին ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին։Տեր Եսային իր խոսքում կարևորեց միջոցառումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ առավել հաճախակի պետք է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ ու հավաքույթներ՝ ոգեկոչելու մեր բոլոր հերոսներին: Միջոցառումը հայրենասիրական ոգով վարում էր կազմակերպիչներից «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, սիրված մտավորական, սահմանամերձ բնակավայրերում տարբեր ծրագրեր իրականացնող Արմինե Պետրոսյանը՝ ներկայացնելով պատերազմի հերոսական դրվագները:CoWo-ի տնօրեն Արփի Կարապետյանն իր խոնարհումը բերեց Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ազատամարտիկների թանկ հիշատակին և պատրաստակամություն հայտնեց զբաղվել վիրավոր զինվորների IT մասնագիտացմամբ։ Նա հաստատեց, որ CoWO-ն սիրով կաջակցի ցանկացած նման միջոցառման։Երեկոն հարստացրեց հնագույն երաժշտության «Տաղարան» համույթն իր բարձրարվեստ երաժշտական համարներով։ «Տաղարանի» խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մաեստրո Սեդրակ Երկանյանն իր խոսքում ընդգծեց արվեստի միջոցով ազգային դիմագծի հզորացման կարևորությունը։ Նա առաջարկեց հաճախ կազմակերպել այսօրինակ համատեղ միջոցառումներ։ Երաժիշտների հիասքաչ կատարումները հնչեցին ողջ երեկոյի ընթացքում։Միջոցառման ժամանակ «Հայ Ձմեռ պապի» տնօրենը ներկաներին փոխանցեց ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանի զորակցությունը միջոցառման մասնակիցներին և բարի նշան համարեց այն, որ վիրավոր զինվորների բուժմանն աջակցելու նպատակով կազմակերպված մշակութային այս երեկոյի առաջին նվիրատուն իր բարեսիրական ձեռնարկումներով հայտնի աշխարհահռչակ սոպրանո երգչուհին է։ Շուրջ մեկ տարի առաջ Հայրենիքում վերջնականապես հաստատված տիկ․ Պապյանն այս անգամ միջոցառմանը ներկա չէր, բայց պատրաստակամություն էր արտահայտել հետագա համատեղ բարեգործական միջոցառումներ կազմակերպելու։Տիկին Պետրոսյանը երախտիքի և խոնարհումի զգացումով պատմեց հիմնադրամի կայքը նախագծած, պատերազմի հերոս Էրիկ Գևորգյանի և Վազաշենի Հավեսին սենյակի սան, անհետ կորած համարվող Գևորգ Արաբաչյանի մասին։ Հայտարարվեց նաև հիմնադրամի որոշումը՝ Էրիկ Գևորգյանի դպրոցում նրա անունով դասասենյակ բացելու մասին։ Ներկա էին Էրիկ Գրիգորյանի ընտանիքի անդամները և ընկերները, որոնք վերհիշեցին Էրիկի կարճ, բայց շնորհաշատ կյանքի դրվագները։ Էրիկի ընտանիքը ևս իր ներդրումը կատարեց վիրավոր զինվորների առողջության վերականգնման գործում։Նրա հերոսական ու փառավոր ուղու և կյանքի մասին պատմեց նրա ընկերներից Նարեկ Ավագյանը: Նա մասանավորապես նշեց. «Շատ նվիրված էր ծառայությանը, սիրում էր իր զինվորներին: Նարեկի մահը մեծ վիշտ ու կորուստ էր բոլորիս համար»:Միջոցառման վերջում Արմինե Պետրոսյանը շնորհակալական խոսք ուղղեց միջոցառման գործընկերներին և մասնակիցներն։ Երեկոն ավարտվեց «Քրամբս» հացթուխարանի կազմակերպած համեղ հյուրասիրությամբ։Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է մինչև 2021 թ․ հունվարի 15-ը։ Նվիրատվություններից գոյացած ողջ գումարը կամբողջացվի և կփոխանցվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Ցուցահանդեսի բացման երեկոյի ընթացքում կատարված նվիրատվությունների հասույթը կազմեց 420000 դրամ։ Հադրութցի երեխաների «Բաբո-ձեդո» և «Սպիտակ Խաչ» նկարների համար նվիրատվություն կատարած բարերարները ցանկություն արտահայտեցին նկարները ևս տրամադրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Միջոցառման մասին՝ «Հայ Ձմեռ պապի» [url=https://www.facebook.com/media/set/?vanity=haysanta01&set=a.2802349380037096]կայքում[/url]․ Գումարը Զինվորի տանը կփոխանցվի հունվարի կեսերին։ Եթե ցանկանում եք համալրել միջոցառման արդյունքում գոյացած նվիրատվությունների գումարը, կարող եք փոխանցում կատարել ներկայացված հաշվեհամարով։ Հիմնադրամը արցախցի երեխաների հետ կայցելի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և կհանձնի ամբողջ գումարը։ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ «Կոնվերս բանկ» ՓԲԸ, հ/հ 19300 66890980100 Ցուցահանդեսի ու միջոցառման մասին հարցազրույցն Արմինե Պետրոսյանի հետ ներկայացնում եմ ընթերցողներին: -Նախևառաջ թույլտվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այս հայրենասիրական ու մեր օրերում շատ կարևոր նախաձեռնության համար - Ես եմ շնորհակալ: -Ինչպե՞ս ծնվեց ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը։ - Ցուցահանդեսի գաղափարը հասունացավ պատերազմի ընթացքում, երբ «Հայ Ձմեռ պապն» այցելեց Արցախից բռնահանված ընտանիքներին և սկսեց աշխատել երեխաների հետ։ Կործանարար պատերազմի արհավիրքները տեսած պստիկների հետ հանդիպումների, զրույցների, խաղերի ընթացքում հիմնադրամը փորձեց բարձրացնել նրանց տրամադրությունը և արվեստի ազդեցությամբ նպաստել երեխաների հոգեբանական վերականգնմանը։ Հադրութից, Շուշիից, Ստեփանակերտից, Մարտակերտից և Մարտունուց պատերազմի ժամանակ Երևան եկած երեխաների աշխատանքներն այնքան տպավորիչ էին, որ հիմնադրամը լոսանջելեսյան իր գործընկեր «Modest Fly Art» ստուդիոյի ղեկավար Իռեն Ծատուրյանի և ընկերների հետ խորհրդակցելով՝ որոշեց հնարավորություն ստեղծել ցուցադրելու դրանք ու երեխաներին հնարավորություն տալու նյութականացնել պատերազմի վիրավորներին յուրովի օժանդակելու իրենց ցանկությունը։ Ցուցահանդեսի գաղափարն իրականություն դարձավ COWO աշխատանոցի սիրալիր առաջարկով․ Մերգելյան ինստիտուտի բարձրահարկ շենքի վերին՝ բետոնի և ապակու համադրությամբ նոր շունչ առած հարկում տեղավորված IT ժամանակակից աշխատանոցը սիրով իր տարածքը տրամադրեց «Հայ Ձմեռ պապին»։ -Ովքե՞ր են ընդգրկված այս ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեջ։ -Այս ծրագրին միացան նաև Հայաստանի տարբեր (հիմնականում սահմանամերձ) մարզերի գյուղերում «Հայ Ձմեռ պապի» բացած Հավեսին սենյակների սաները։ Տավուշի մարզի Վազաշեն, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք, Արարատի մարզի Զորակ գյուղերում և Արմավիրի N 10 դպրոցում գործող Հավեսին սենյակների երեխաները նույնպես միացան գաղափարին՝ իրենց աշխատանքներն ուղարկելով Երևան։ «Հավեսին սենյակների ցանց» ծրագրի մաս կազմող այս հարթակներում երեխաներն աշխատում են կրթամշակութային հետաքրքիր ծրագրերով, հանդիպում են մայրաքաղաքի կրթահամալիրների իրենց հասակակիցների հետ, անվանի ստեղծագործողներից վարպետաց դասեր առնում։ Ցուցադրվող աշխատանքների թվում է նաև Գևորգ Արաբաչյանի «Երկուսով» նկարը։ Վազաշենի Հավեսին սենյակի սան, կրթությունը Իջևանի համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետում կիսատ թողած և բանակ մեկնած Գևորգի նկարը հուզեց բոլորին․ լուսնալույսի մեջ դյութական գետի ջրերով նավարկող երկուսը երիտասարդի երազանքների խտացման հրաշալի պահն էին հավերժացրել։ Միջոցառման հյուրերն էին Երևանում ապաստանած ղարաբաղցի երեխաներն իրենց ծնողների հետ։ Հենց նրանց ստեղծած 4 կոլաժներն էին ցուցահանդեսի հիմնական բևեռակետերը։ Երիտասարդ արվեստագետ Սյուզի Հակոբյանը սիրով հիշեց վարպետաց դասերի ընթացքում երեխաների հետ աշխատանքի դրվագները։ Երեխաներն իրենք էլ պատմեցին իրենց ստեղծագործությունների մասին․ «Սպիտակ Խաչ» նկարի հեղինակները՝ Յուլյան և Գառնիկը, քարերով հավաքել էր իրենց Սպիտակ Խաչ վանքը։ Նրանք հիշեցին, որ Վանք գյուղի իրենց դասարանով հաճախ էին բարձրանում սրբատեղի, հանգստանում ծառի հովին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նարինե Արզումանյանը․ «Կարմիր ծաղիկները, - ասաց, - մեր զոհված զինվորներն են։ Երբ ուսուցիչը, առանց իմանալու, ասել էր՝ մի քիչ էլ ծաղիկ ավելացրու, հրաժարվել էր՝ չեմ ուզում, էդ մեր զոհված զինվորներն են։ Ճերմակ աղունիկներն էլ մեր ապրող զինվորներն են»։ - Ի՞նչ գաղափարի շուրջ էին համախբվել ցուցահանդեսի ներկաները։ Ինչպիսի՞ զգացմունքեր ունեցավ արվեստասեր հասարակությունը -«Զինվորն է հայրենիքի սյունը»․ սա էր երեկոյի մտայնությունը, և այս գաղափարն էր միավորել բոլոր ներկաներին։ Ցուցահանդես-համերգի ողջ ընթացքում կարոտի ու վշտի վերապրում կար, բայց կար նաև նորացման անհրաժեշտության գիտակցում, գիտահեն մրցունակ տնտեսություն ստեղծելու և մշակութային զարթոնքով կյանքն արժանապատիվ կերպով շարունակելու վճռականություն։ Այստեղ արտահայտված էր երեխաների աշխատանքը, նվիրումը, սերը, ջերմությունն ու աղոթքը՝ զինվորներին։ Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Անահիտ Ավետիսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր