211652_close_icon
views-count6754 դիտում article-date 22:44 30-12-2020

Վազգեն Մանուկյանը հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ, տեղեկացնում է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը: Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը: «Մարդը, որ իր գործը տապալում է, պետք է հեռանա: Տապալման պատճառների մասին խոսելն այլ հարց է: Իսկ ստեղծված խնդիրները նա չի կարող լուծել, քանի որ նախ իր կարողությունները չեն բավարարում, բացի այդ իրեն չեն վստահում ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում»,– ասել է նա: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ներկայացրել է մի խումբ հարցեր, որոնք ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում պետք է դառնան առաջնային և լինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ բանակի արդիականացում, Արցախի հարցի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և վերաիմաստավորում, ֆինանսատնտեսական և սոցիալական հրատապ ծրագրերի իրականացում երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և այլն: Կարևորելով նշված խնդիրների լուծման ուղղությամբ մտավորականության, մշակույթի գործիչների անմիջական դերակատարումը՝ Մանուկյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել արարող, մեր պետության ապագայով մտահոգ բոլոր կարող ուժերի հետ: Հանդիպման առանցքային հարցերի մեկը վերաբերել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ըստ ներկաների՝ ստեղծված փակուղուց դուրս գալու, իրավիճակը մեղմելու և երկրի ապագան չվտանգելու գլխավոր նախապայմանը գործող վարչապետի և կառավարության հեռացումն է: Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, երկրում ստեղծված իրավիճակի մասին իրենց մտահոգություններից բացի, անդրադարձել են նաև մշակույթի խնդիրներին, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Մշակույթի գործիչները նշել են, որ պատրաստվում են ակտիվ շարժում ձևավորել և մտավորականության ձայնն առավել լսելի և գործնական դարձնել հասարակական կյանքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր