211652_close_icon
views-count11143 դիտում article-date 18:00 23-12-2020

Մենք իշխանության չենք ձգտում, այս ժամանակավոր կառավարությունը, եթե նույնիսկ գա իշխանության, որևիցե մի հետապնդում չի իրականացնելու. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/23/Seyran-ohanyan/3480065?fbclid=IwAR3LLWVWoUNGJRdd7hZ4_wzN__JFGJpo9aoQGTkxkkRnwQXkmu4-UAUgEUE]Tert.am[/url]-ը գրում է. Այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում: Այս մասին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Տարիներ ի վեր ծառայել եմ Հայաստանի, Արցախի Հանրապետությանը, ունեցել եմ գերագույն գլխավոր հրամանատարներ, անձինք, որոնք ճանապարհ են անցել, կերտել 30 տարվա նորագույն պատմությունը, բայց ինձ համար միանշանակ ամենագերագույն հրամանատարը մեր ժողովուրդն է եղել` մեր պետականությամբ»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր չի խոսելու պատերազմից, քանի որ պատերազմի ելքը, ձախողումները ակնհայտ են մեզ համար՝ շատ վատ ստորագրված փաստաթղթով, և մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք հետագա պետության զարգացումն ապահովել: «Բայց միայն մեկ բան կարող եմ ասել` այս պատերազմում հայկական բանակը, արժանավոր հայոց գեներալները, հրամանատարները և զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը` իր անգրագետ կազմակերպած գործողություններով, ճիշտ չգնահատած ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունով` ուժերը և միջոցները ճիշտ չդասավորելով: Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կիլոմետր կահավորված ինժեներական սարքավորումներ և միայն երկու վայրում` մոտավորապես 20 կմ է եղել ճեղքված հակառակորդի կողմից, և մենք պարտավոր էինք և համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ»,-ասաց նա: Սեյրան Օհանյանն ասաց, որ կառավարման համակարգում երկարատև փորձառություն ունի և քաղաքական կուսակցության անդամ չէ, բայց այն մարդկանցից է, որը մտահոգ է և ուզում է, որպեսզի Հայաստանում փոփոխություն լինի, քանի որ փոփոխություններն են զարգացման հիմքը։ «2018 թվականին, երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը և մենք բոլորս այլ նպատակ ունեինք, աջակցում էինք նրա համար, որ զարգացման հիմքը փոփոխություններն են, և մենք ակնկալում էինք գաղափարական, աշխատանքի զարգացում, և այսօրվա իշխանությունները այս 30 տարվա փորձից ելնելով կարող էին տեսնել այն դրականը, որ եղել է Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանության օրոք տեսել ենք միայն քաղաքական շանտաժներ, հետապնդումներ: «Մենք ձախողեցինք արտաքին քաղաքականությունը, խնամի, ծանոթ, բարեկամ գաղափարով նշանակումները այս ժամանակաշրջանում ավելացել են, աննպատակ, անփորձ մարդկանց նշանակումներն ավելացել են: Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել պետության ղեկավարման մեջ, իսկ մանրախնդիր են անփորձները, փորձառու մարդիկ են լինում մեծահոգի, որոնք բոլորին զարգանալու շանս են տալիս»,-ասաց նա և նշեց, որ երիտասարդությունը պետք է համադրվի փորձառության հետ: Նա նշեց, որ 2,5 տարվա ընթացքում փորձ չեն ունենում, այդ ընթացքում կարելի է փոխադրվել երրորդ կուրս և շատ դեպքերում գործ ունենք երրորդ կուրսի ուսանողների հետ: Այդ ապիկար, անտաղանդ, անգրագետ աշխատանքի արդյունքում է, որ նույնիսկ 2,5 տարի աշխատանքի մեջ ունենալով նաև որոշակի դրական բաներ՝ նրանք չեն կարողանում այդ դրականը գեներացնել, ներկայացնել մեր ժողովրդի մեջ: «Մենք իշխանության չենք ձգտում, այս ժամանակավոր կառավարությունը, եթե նույնիսկ գա իշխանության, որևիցե հետապնդում չի իրականացնելու: Եթե դուք, անփորձ լինելով, բազմաթիվ թերություններ եք թույլ տալիս, բայց փորձառու մարդիկ, գալով իշխանության, անկասկած մանրակրկիտ զննելու են նաև իրենց կատարած թերությունները և իրենց պատվի համար նույնիսկ այդ թերությունները չեն թույլ տալու: Այս անգրագետ ղեկավարումն է, որ բերել է այս պարտության»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը նշեց, որ այս իշխանության օրոք այս պարտությունները շարունակական են լինելու և մեզ պետք են փորձառու մարդիկ: Նա նշեց, որ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Սեյրան Օհանյանը հարց բարձրացրեց, թե չկա մեկը, որ հուշի այսօրվա ղեկավարությանը, որ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չի իրականացվում և նշեց, որ խառը հանձնաժողով պետք է ստեղծվի, գան համապատասխան համաձայնության, հաստատվեն պետությունների կողմից, որից հետո սահմանային սյուներ տեղադրեն, իսկ, եթե դրանք խախտվում են, գոյություն ունի ռեդամարկացիա հասկացությունը, այսինքն՝ նորից վերանայվում են: «Հակառակորդը որտեղ ուզում՝ գալիս կանգնում է և ասում է՝ սա մեր տարածքն է: Մենք կարող ենք և պարտավոր ենք այն դիրքերը, բարձրունքները, սահմանային մոտ շփման գծերը, որոնք մեր համար անվտանգություն են պարունակում, կարող ենք հետաձգել, բանակցել, ինչո՞ւ ենք հապճեպ գնում դրան: Մենք ի՞նչ է, հակառակորդի առաջ առողջությամբ ենք ծնկի եկել, այդպես չէ: Ուրեմն գալիս ենք այնպիսի եզրակացության, որ թերությունների շարունակականությունը, կառավարման անգրագիտությունը բացառելու համար այս իշխանությունները պետք է փոխվեն»,-ասաց նա և կոչ արեց լինել հրապարակներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր