211652_close_icon
views-count4966 դիտում article-date 13:48 20-12-2020

Հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ և ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան․ Միքայել Համբարձումայնը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր պայմանավորվածության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/20/Hambardzumyan/3476756?fbclid=IwAR2zHptJz2WWtxz5UaVKMO6qNyY18-0q7wtgTr3F4zz2a1UX8l3MZR1lIFg]Tert.am[/url]-ը գրում է. Չեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը և ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկել։ «Չեմ ուզում անդրադառնալ իմ հրաժարականի պահանջներին, միայն կարող եմ ասել, որ նախատեսում եմ առաջիկայում ասուլիս տալ։ Իհարկե, ձեռնպահ եմ մնալու նեղ անձնական խոսակցությունները կամ հանգամանքները ներկայացնելուց, որովհետև այն կարծիքին եմ, որ անվտանգության աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը և որի մեջ ես սպառնալիք եմ տեսել, այդ հանգամանքների մասին անպայման կխոսեմ»,-հայտարարեց նա։ Հարցին՝ ինքն ապօրինի հանձնարարություն ստացե՞լ է, որը որպես սպա երբեք չէր կատարի, Համբարձումյանն արձագանքեց․ «Ես ձեռնպահ կմնամ ապօրինի հանձնարարական ձևակերպումը տալուց, ես կարող եմ ընդամենը փաստեր ասել, որ այո, եղել է հանձնարարական, որը, ես գտել եմ, որ չպետք է կատարեմ»։ Հարցին՝ դա Վազգեն Մանուկյանին վերաբերո՞ւմ է, Համբարձումյանն ասաց, թե այդ հարցերի վերաբերյալ կխոսի ասուլիսին։ «Ես պատրաստ եմ պատասխանել այն հարցերին, որոնց մեջ չեմ տեսնում պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակաման ռիսկ, այդ տվյալները կներկայացնեմ»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե պահեստազորի սպաները հանդես են եկել հայտարարությամբ, որ պետք է ուսումնասիրվի այն տեղեկությունը, որ պայմանավորվածություններ են եղել Նիկոլ Փաշինյանի և հակառակորդ պետության ղեկավարի՝ Ալիևի միջև, Համբարձումյանն արձագանքեց, թե մնում է իր կարծիքին։ «Լիարժեք կիսում եմ իմ գործընկերների մտահոգությունը, հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ և ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան։ Նույնիսկ պատրաստ եմ ինքս՝ որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար, համապատասխան լիազորություններով օժտվելու դեպքում իրականացնել նախաքննություն, որովհետև դա այս պահի դրությամբ ինձ ամենամտահոգող հարցն է»,-ասաց նա։ Հարցին՝ ինքը ո՞ր պահից սկսած է տեսել վտանգ ազգային անվտանգությանը, Համբարձումյանը պատասխանեց՝ վերջին ամիսներին։ Իսկ թե կարծո՞ւմ է, որ ինչ-որ գործարք է տեղի ունեցել, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարն արձագանքեց, թե չի կարող ասել, անտեղյակ է։ Նա նաև նշեց, թե երեկ հետևել է Եռաբլուրում ընթացող իրադարձություններին ու վատ զգացել․ «Ես երեկ դիտում էի, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Եռաբլուրում, և, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում, շատ վատ էի զգում, որ մենք հերթական անգամ ծաղրուծանակի առարկա դարձանք աշխարհի առջև, որովհետև մարդիկ մոռանում են, թե որտեղ են գտնվում․ մենք Եռաբլուրում ենք»,-հայտարարեց նա։ Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անվտանգության մարմինների աշխատակիցներին կոչ էր արել այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր