211652_close_icon
views-count2371 դիտում article-date 15:25 14-12-2020

ՄԻՊ հայտարարությունը Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքների մասին

Սյունիքի մարզ երկօրյա այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմով այցելեցինք Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրեր: Քննարկումներ ունեցանք Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ: Կարևոր էին քննարկումները ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք տանում են հերոսական ծառայություն: Տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ Այցի արդյունքների վերաբերյալ ստորև ներկայացնում եմ մի քանի եզրահանգում. 1. Պետական կառավարման մարմինների աշխատանքի ու համակարգման թերությունների պատճառով ոչ միայն չլուծված են մնում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող խնդիրները, այլև սահմանազատումների ու սահմանագծումների հետ կապված նոր մարտահրավերներն այդ խնդիրները կարող են ավելի խորացնել: Սա առաջնահերթ վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Պետական կառավարման մարմինները՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակով, պարտավոր են հատուկ ուշադրության ներքո պահել, լինել նախաձեռնողական սահմանային բնակավայրերի բնակիչների բարձրացրած այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են պետական սահմանին. դա այս օրերի բացառիկ գերակայություններից է: 2. Դարձյալ պնդում եմ, որ սահմանազատումների կամ սահմանագծումների հարցը չի կարող լուծվել Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ չի կարող լուծվել նաև GPS համակարգով: Այս հարցը պահանջում է մասնագիտական մոտեցումներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները հաստատում են, որ, օրինակ, Սյունիքի մարզի մի շարք սահմանային բնակավայրերում այդ մոտեցումների կիրառման արդյունքում ոչ միայն լրջորեն վտանգվել են սահմանային բնակիչների կյանքի, նրանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքները, այլ դա խնդրահարույց է ՀՀ պետական սահմանների անվտանգության տեսանկյունից: Դրանից բացի, առաջացել է անորոշ վիճակ հենց սահմանային բնակիչների համար: Եթե մեխանիկական հիմք է ընդունվում Google քարտեզը կամ GPS համակարգը, ապա ինչպե՞ս բացատրել, որ, օրինակ, Արավուս գյուղի հետ կապված՝ ուղիղ հակասություն է առաջանում այդ բնակավայրերի տարբեր տարիների հողօգտագործման քարտեզների միջև: Արդյունքում՝ մարդիկ զրկվում են մասնավոր սեփականություն հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից: Ինչպե՞ս է ստացվում, որ 1991 թվականին այդ հողատարածքները մարդկանց հատկացվել են սեփականության իրավունքով, իսկ հետո՝ 2004 թվականին նրանց տրամադրվել են այդ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող կադաստրային նոր վկայականներ: Արավուսի դեպքում, ինչպես տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը, խոսքը գնում է 9 հեկտար մասնավոր սեփականություն և գրեթե 34 հեկտար համայնքային սեփականություն համարվող հողատարածքների մասին: Տեղ խոշորացված ողջ համայնքի դեպքում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է համայնքի ղեկավարը, խոսքը մոտավոր հաշվարկով 2000 հեկտարից ավելի միայն մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքների մասին է: Խնդիրը կապված է նաև մարդկանց ֆիզիկական անվտանգության ու կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների հետ (Խոզնավար, Խնածախ, Ներքին Խնձորսեկ, Արավուս և այլն): 3. Անհրաժեշտ է իրականացնել տարբեր տարիների քարտեզների համադրման ու ուսումնասիրության համապարփակ աշխատանքներ ու նաև պարզել՝ արդյոք ադրբեջանական կողմից հիմք ընդունվող քարտեզների տարբերակներն անվիճարկելի են: Անհրաժեշտ է հասկանալ նաև՝ ինչու է ադրբեջանական կողմն առնվազն Սյունիքի մարզի այն վայրերի հետ կապված, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, անվերապահ հիմք ընդունում Գուգլ (Google) քարտեզային հավելվածները կամ GPS համակարգերը: 4. Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների (ոչ համայնքային) անմիջական հաղորդակցությունը սահմանային գյուղերի բնակիչների հետ: Այդ պատճառով անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն է առաջանում ՀՀ զինված ուժերի անձնակազմերի համար, որոնք ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների հետ միասին իրականացնում են անձնուրաց ծառայություն: Անհամաչափ ծանրաբեռնվում են նաև համայնքային մարմինները: Այս ամենն էլ ստեղծում է շարունակվող անորոշություն հենց առաջին հերթին սահմանային բնակիչների մոտ: Պետական կառավարման մարմինները պարտավոր են հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ տեղեկություններ նրանց վերաբերող հարցերի մասին: Սա քաղաքացիների երաշխավորված իրավունքն է ու դա երաշխավորելու պետության ուղիղ պարտավորությունը: Ընդ որում, պարտադիր չէ բոլոր աշխատանքներն անել հրապարակային, առավել ևս, որ գործ ունենք զգայուն հարցերի հետ: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է: 5. Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ: [b]Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր