211652_close_icon
views-count3577 դիտում article-date 13:04 13-12-2020

Առողջապահության նախարարությունը 2021-ից պետպատվեր չի տրամադրի Նևրոզների կլինիկային, որտեղ բուժվում են նաև պատերազմի մասնակիցներ․ 45 մարդ գործազուրկ կդառնա

Առողջապահության նախարարությունը երեկ հայտնեց, որ նպատակահարմար չի գտնում 2021 թվականին պետպատվեր տրամադրել Նևրոզների կլինիկային, [url=https://www.tert.am/am/news/2020/12/13/clinic/3469808]Tert.am[/url]-ին տեղեկացրեց Նևրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը: Տնօրենի խոսքով` հիվանդանոցը այս պահին շատ ծանրաբեռնված է՝ բուժում է ստանում 55 հիվանդ, բուժվում են նյարդային խնդիրներ, վախեր տագնապներ ունեցող անձինք: Տնօրենի հավաստմամբ`մինչ այժմ կլինիկայում բուժումն անվճար է եղել, հիվանդներն անվճար երեք անգամ սնունդ են ստացել, բուժվողների մեջ շատ են պատերազմի մասնակցած անձինք, զինծառայողի ծնողներ: «Հիվանդներ ունենք, որոնք երեք պատերազմի են մասնակցել, ասում են, որ սա միակ տեղն է, որ մենք վերականգնվում ենք, մենք ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ իրենք վճարեն իրենց բուժման համար: Մենք պատերազմներ տեսած ազգ ենք, և այդ պատճառով շատ են նևրոզով տառապողները: Մեր հիվանդները չեն կարող բուժում ստանալ հոգեբուժարանում, նրանք առողջ հոգեբանությամբ մարդիկ են, պարզապես սթրես են տարել, և մենք օգնում ենք, որ իրենք կարողանան դա հաղթահարել: Այսօր եկավ մի տղա, ով այս պատերազմում Շուշիում վիրավորվել է՝ ունի ոտքի վնասվածք և շատ ծանր վիճակում է։ Նման հիվանդների թիվը շատ է, պետք է նրանց հետ աշխատենք և իրականացնենք սոցիալ-հոգեբանական բուժում»,- ասաց տնօրենը: Ցոլակ Հակոբյանը նշեց, որ նախարարությունից չեն պատճառաբանել, թե ինչու 2021 թվականին ֆինանսավորում չի տրամադրվելու, աշխատակիցների հետ քննարկումներ ևս չեն եղել, պարզապես տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն գտնում ֆինանսավորումը շարունակել: Տնօրենի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի համար կլինիկային պետական ֆինանսավորումից զրկելու որոշում է ունեցել, սակայն կենտրում բուժվող ազատամարտիկների, հիվանդների, և աշխատակիցների՝ վարչապետին ուղղված բազմաթիվ բողոքները հաշվի են առնվել և ֆինանսավորումը տրամադրվել է: Անդրադառնալով կլինիկայի աշխատակիցների խնդրին, Ցոլակ Հակոբյանը նշեց, որ նախարարությունից չեն պարզաբանել, թե կլինիկան փակվելու դեպքում աշխատակիցները որտեղ են աշխատելու։ «Բուժհաստատությունն ունի 45 աշխատակից, 45-ից 6-ը Երևանից են, իսկ 39-ը տեղի՝ Քասախի բնակիչներ են, և եթե կլինիկան ֆինանսավորում չստանա, կփակվի, որի դեպքում բոլորը կզրկվեն աշխատանքից»,– ասաց նա:

Նմանատիպ նյութեր