211652_close_icon
views-count1612 դիտում article-date 20:04 09-12-2020

ՊԵԿ-ը տնտեսավարող սուբյեկտների մոտ հսկողական միջոցառումներն իրականացնում է օրենքով սահմանված կարգով. ՊԵԿ պարզաբանումը

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը: Օրերս, լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումներին` դրանք կապելով այդ ընկերության աշխատակիցների ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու հանգամանքի հետ։ Կոմիտեն հարկ է համարում ընդգծել, որ տարվա ցանկացած օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից հսկողական միջոցառումներ իրականացվում են հարյուրավոր տնտեսավարող սուբյեկտների մոտ և բացառություն չեն կազմում 2020թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ իրականացվող ստուգումները (այդ թվում` վերոնշյալ ընկերություններում): Մասնավորապես, ներկա դրությամբ ՊԵԿ-ի կողմից շուրջ 2300 հարկ վճարողների մոտ իրականացվում են տարբեր տեսակի ստուգումներ: Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է չքաղաքականացնել կառույցի գործունեությունը, քանի որ ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Միաժամանակ տեղեկացվում է, որ «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերությունները ընդգրկված են հարկային մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված համալիր ստուգումների տարեկան ծրագրում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է դեռևս 2020թ. հունիս ամսին:

Նմանատիպ նյութեր