211652_close_icon
views-count6253 դիտում article-date 17:44 05-12-2020

Վազգեն Մանուկյան. Պատերազմի ժամանակ Արցախում էի՝ հրամանատարները դռան մոտ սպասում էին, Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ

«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ, հեռացիր» վանկարկումներով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի վերջում՝ երթից առաջ ելույթ ունեցավ շարժման առաջադրած՝ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ընդգծեց՝ հատկանշական է, որ այսօր հավաքված են այն հրապարակում, որտեղ 1988 թվականին հայ ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ, մեծ հավատքով հավաքվեց և երդվեց, որ կկառուցի ազատ, անկախ պետություն, ձեռք կմեկնի Արցախի մեր եղբայրներին ու քույրերին՝ խոստանալով նրանց անվտանգություն ու վերամիավորում Հայաստանի հետ։ «Այդ խնդիրների մեծ մասը կատարվեց, մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց մենք այդ պետությունը կառուցեցինք։ Մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի ու Արցախի բանակները համարվում էին ամենահզորն այս տարածաշրջանում։ Սփյուռքի հետ անընդատ համագործակցելով՝ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում։ Հիմա մենք հավաքվել ենք նույն հրապարակում 30 տարի անց, վիրավորված արժանապատվության, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով, և այն ամենը, ինչ արել էինք Արցախի համար, գրեթե կորած է։ Սրանից զատ, վտանգված է նաև Հայաստանը, նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով Հայաստան և ոչ մի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից»,- նշեց Վազգեն Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ այն խնդիրները, որոնք դրված էին 1988 թվականին, դրված են նաև այսօր, և դրանք պետք է լուծվեն։ «Կա այսպիսի արտահայտություն, որ, եթե խնդիր ես լուծում, սակայն ունենում ես անհաջողություներ, պետք է ոչ թե խնդիրը փոխես, այլ լուծման մեթոդները։ Խնդիր է դրված, այն պետք է լուծենք։ Այդուհանդերձ, մենք ինչպե՞ս ընկանք այս վիճակի մեջ, ինչպե՞ս հավատացինք այդ քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ, նրա մասին այստեղ խոսք եղավ։ Մենք թշնամացանք իրար դեմ, թշնամացանք հին ու նոր, սև ու սպիտակ, ազնիվ ու ոչ ազնիվ։ Եվ Նիկոլի առաջին քայլերից եղավ Արցախի բանակի գլխատումը, Արցախի լավագույն հրամանատարները, որոնք ոչ միայն փորձ ունեին և տիրապետում էին ամեն ինչին, նրանք հեռացվեցին բանակից։ Պատերազմի ժամանակ ես Արցախում էի, այդ հրամանատարները դռան մոտ սպասում էին, Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ, այդ գեներալներն իրավունք չունեին մտնելու շտաբ»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր