211652_close_icon
views-count2877 դիտում article-date 13:58 03-12-2020

Արցախի` վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալողներին համար կտրամադրվի գումար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց, որ Արցախի քաղաքացիների մի հատված կեցությունը իրականացնում է ՀՀ տարածքում, քանի որ իրենց բնակավայրերը չեն գտնվում հայկական վերահսկողության ներքո և մասնավոր տեղերում են իրենց կեցությունը ապահովում ՀՀ քաղաքացիների հյուրընկալությամբ: Այսպիսով նախագծով՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազար ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, 45 հազար ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է: Ծախսերի փոխհատուցումը ժամանակավոր վեց ամսով է: Աջակցությունը տրամադրելու համար պետք է դիմել յուրաքանչյուր ամիս՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Մեսրոպ Առաքելյանը ընդգծեց, որ հատկացվող գումարը որպես վարձակալության գումար չի տրամադրվելու և հարկման ենթակա չէ:

Նմանատիպ նյութեր