211652_close_icon
views-count11946 դիտում article-date 23:10 01-12-2020

Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը դատվելու են պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության, արդարադատության դեմ հանցանքների համար. Գագիկ Համբարձումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցավոք, իրավապահ համակարգը վարչախմբի անօրինություններին դիմադրություն չի ցուցաբերում, թեև մասնավոր զրույցներում համակարգի աշխատակիցներն արտահայտում են իրենց դժգոհությունը․ վարչապետին հաջողվել է իրավապահ համակարգն իրենով անել, և այդ նպատակը նա ունեցել է ամենասկզբից, վարչապետին պետք են հլու-հնազանդ, անմռունչ կատարողներ, այդ հարցում նա հասել է լիարժեք հաջողության: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը: «Ոստիկանները պետք է հիշեն, որ լինելով ուսադիր կրող՝ երդում են տվել ոչ թե այսօրվա պատեհապաշտ իշխանավորներին և ղեկավարին, այլ հայրենիքին, այն է՝ անբասիր ծառայել ու պատվով պաշտպանել պետության ու ժողովրդի շահը։ Այդ գծի վրա չեն ո՛չ վարչապետը, ո՛չ ոստիկանապետը։ Քրեորեն պատժելի է ոչ միայն հանցավոր հրաման տալը, այլև կատարելը։ Պետք է վեր կանգնել հայրենիք ու ժողովուրդ կործանող մոտեցումից, «հրաման էի կատարում» արդարացումը չի աշխատելու»,- ասել է նախկին փոխոստիկանապետը: Ըստ Համբարձումյանի՝ իրավապահ համակարգի ղեկավար անձնակազմի գործողություններն ապագայում քննության առարկա են դառնալու, դատապարտվելու են անհարկի բռնություն, անհամաչափ ուժ կիրառելու հրաման տվողները. «Վարչական դատարանը խաղաղ հավաքների ազատություն է սահմանել, պետք է ցուցարարներին օրենքով նախատեսված ժամանակ տալ, հետո նոր հարկադրանքի միջոցներ կիրառել։ Ոստիկաններն ակնհայտ ապօրինի հրամաններ են կատարում՝ երևի վախենալով աշխատանքը կորցնելուց։ Պետք չէ վախենալ, պետք է հրաժարվել ապօրինի հրամանները կատարելուց, չէ՞ որ չեն կարող բոլորին հեռացնել։ Երբ առկա է հայրենիք կորցնելու վտանգը, անգամ աշխատանքը ժամանակավորապես կորցնելու վտանգը շատ աննշան է»: Ոստիկանության գեներալի կարծիքով՝ ՀՔԾ պետին շնորհված Մխիթար Գոշի մեդալը պարզապես ծաղր է օրինականության և իրավական համակարգի նկատմամբ, նրա ղեկավարած կառույցը հարյուրավոր ապօրինի քրեական գործեր է հարուցել, ձերբակալման ու կալանքի կամայական միջնորդություններ տվել. «ՀՔԾ պետը վաղուց էր անցել բարոյական ու իրավական բոլոր սահմանները, և այն, որ նա վաղը դատապարտվելու է, որևէ մեկը չի կասկածում։ ՀՔԾ քննիչներն ինչպե՞ս չեն գիտակցում, որ այդ կործանվող անձն իրենց հանցակից է դարձնում։ Քննչական կոմիտեի նախագահն էլ կարծում է, թե նրա առաքելությունը վարչապետի հանձնարարականները սրբորեն կատարելն է»: Գագիկ Համբարձումյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության և այլ մեղադրանքներով դատապարտվելու են։ «Իշխանությունից շատերը, այդ թվում՝ վարչապետը, դատվելու են արդարադատության դեմ իրականացրած հանցագործությունների համար։ Վարչապետի շրջապատում չկա մասնագետ, որը կհուշի՝ չի կարելի դատարանների նախագահներին հրավիրել խորհրդակցության և ցուցումներ տալ։ Դատարանի գործունեության նկատմամբ ցանկացած միջամտություն հանցավոր է»,- ամփոփել է Գագիկ Համբարձումյանը: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=T18HF-LolIo&feature=emb_logo]ArmNews[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր