Խոշոր ավտովթար և մահվան ելքով վրաերթ Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ն ու Mini Cooper-ը. հետիոտնը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով  ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Գայի պողոտա և Բաղյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են   Mini Cooper մակնիշի 07 AN 070 համարանիշի և Volkswagen Touareg  մակնիշի  81 AQ 111 համարանիշի ավտոմեքենաները:
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   բախման հետևանքով Mini Cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի  ենթարկել 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի: 
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դին ճանապարհից տեղափոխել անվտանգ վայր և սահմանազատել են տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝   դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության   ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական  խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


