211652_close_icon
views-count1847 դիտում article-date 21:54 23-11-2020

Անհանգստություններ կան՝ կապված ճանապարհի տրամադրման հետ․ Հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչ պետք է կառուցվի, այդ կապը ինչ ձևով պետք է ապահովվի, դեռևս չկա. Մեղրիի համայնքապետի տեղակալ

Արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հանրությանը հայտնի դարձած հայտարարությամբ, որի 9-րդ կետով սահմանվում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: «9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»,- նշված է հայտարարության 9-րդ կետում: Եվ չնայած այս կետում հստակ նշված չէ, թե ՀՀ որ հատվածով է անցնելու տրանսպորտային կապը, տեղեկություններ են շրջանառվում, որ Նախիջևանի և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների միջև ճանապարհային կապն անցնելու է Մեղրիով: Մեղրիում ու հարակից համայնքներում իրավիճակի, կատարվող աշխատանքների ու Նախիջևանի և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների միջև տրանսպորտային կապի մասին 168.am-ը զրուցել է Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի հետ: «Սահմանների ամրացման աշխատանքները առաջին օրվանից սկսած միշտ էլ իրականացվում են, առավել ևս վերջին ժամանակաշրջանում: Մեր Նռնաձոր գյուղի հարակից սահմանների ամրացման աշխատանքները, ինժեներական աշխատանքները այժմ էլ արվում են ու ավելի ինտենսիվ կերպով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սամվելյանը: Հարցին, թե արդյո՞ք սկսվել են աշխատանքներ Նախիջևանի և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների միջև ճանապարհային կապ ապահովելու համար, Արմեն Սամվելյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակ ոչ: Համայնքի ղեկավարի խոսքում էլ, եթե նկատել եք, նշված էր, որ հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչ պետք է լինի, ինչ պետք է կառուցվի, այդ կապը ինձ ձևով պետք է ապահովվի, դեռևս չկա»: Մեղրիի ու հարակից գյուղերի վրա, համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով, հրետակոծություններ չեն եղել: Ըստ Արմեն Սամվելյանի՝ բնակիչների տրամադրությունը հիմնականում լավ է, բայց կան անհանգստություններ: «Անհանգստություններ կան, ինչպես բոլորի մոտ, կապված ճանապարհի տրամադրման հետ: Բայց քանի դեռ չկա կոնկրետ ինչ-որ լուծում, թե ինչ ձևով է լինելու ճանապարհը, ինչ ձևով է տրամադրվելու, դեռևս կոնկրետ ինչ-որ դժգոհություններ չկան: Առայժմ սպասում ենք: Քանի որ չկա ինչ-որ կոնկրետ որոշում, չկա կոնկրետ՝ ինչ պետք է լինի, այդ 9-րդ կետով ինչ է նախատեսված, առայժմ դեռևս կոնկրետ արձագանքներ էլ չկան: Բայց ընդհանուր առմամբ ժողովրդի վիճակը, բարոյահոգեբանական վիճակը լավ է, նորմալ է: Զբաղված են բերքահավաքով, առօրյա կյանքով»,- ասաց Ա. Սամվելյանը: Ըստ Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի՝ բերքահավաքի հարցում դժվարություններ եղել են, սակայն տնտեսական ցուցանիշները, ընդհանուր առմամբ, շատ չեն տատանվել: «Դժվարություններ եղել են, իհարկե, կապված նրա հետ, որ համայնքի բնակիչները մեծ տոկոսով ներգրավված են եղել և՛ կամավորական ջոկատներում, և՛ զորահավաքի արդյունքում են ներգրավվել հայրենիքի պաշտպանությանը, դժվարություններ եղել են, իհարկե, բայց աստիճանաբար լուծվում են: Տնտեսական վնասներն էլ, ընդհանուր առմամբ, հաշվարկվում են: Առանձնահատուկ հանրապետության ցուցանիշներից չեն տարբերվելու Մեղրիիի ցուցանիշները: Հիմնականում կհամընկնեն»,- ասաց Արմեն Սամվելյանը:

Նմանատիպ նյութեր