211652_close_icon
views-count279033 դիտում article-date 21:29 22-11-2020

«Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի, նա արել է այն, ինչ պարտավոր էր անել». Շուշիում մահացած, երեք տանկ խոցած Նարեկ Բադալյանի հայր

«Իմ տղան արել է այն, ինչ պարտավոր էր անել: Ցանկացած հայ տղամարդ պարտավոր է պահել մեր հայրենիքը, կանանց, էրեխեքի կյանքը: Ինքը պարտավոր էր դա անել, իրավունք չուներ հակառակն անելու»,- [url=https://www.aravot.am/2020/11/22/1153904/?fbclid=IwAR1VsKKqcL7Yv81KE4bXhZntl-f6s_gcC36TVtyP5IfynVyL5MoVqx8qLUg]Aravot.am[/url]-ի հետ զրույցում, վիշտը հազիվ զսպելով, ասաց Շուշիում մահացած Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը: Նարեկ Բադալյանը ծնվել է 2001-ին՝ Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Սկզբում ծառայել է Գյումրիում, այնուհետև սերժանտ Նարեկ Բադալյանը տեղափոխվել է Արցախ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Նարեկը խոցել է երեք տանկ: Վերջին անգամ նոյեմբերի 7-ին՝ իր ծառայության 10-րդ ամսում, նա հեռախոսով խոսել է իր հորեղբոր տղայի և ընկերոջ հետ: Մինչև նոյեմբերի 16-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Նարեկից: Այդ օրն են իմացել նրա մահվան մասին: Նարեկի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ իր ծնողների ամուսնության 20-րդ հոբելյանի օրը: Արման Բադալյանն էլ է պատերազմի օրերին դիրքերում եղել: Ցանկացել է տղայի մոտ գնալ, բայց Նարեկը դեմ է եղել: Հայրը պատմեց. «Նարեկը չի թողել, ասել է՝ ինքը գա մոտս, ես իրեն պահե՞մ, թե ինձ: Մտածել է՝ ես պիտի խանգարեի իրեն, բայց ես հաստատ չէի խանգարի: Երնեկ ես գնայի իմ տղայի մոտ, քանի որ չէի թողնի փախնեի: Նարեկը Շուշիում՝ Քարինտակում է եղել, 70 հոգով են եղել, բոլորը փախել են, մնացել են 15 հոգով: Որդուս հետ անընդհատ կապի մեջ էի: Սկզբում ասաց՝ պա′պ, 15 հոգի ենք, հետո ասաց՝ պա′պ, 8 հոգի ենք: Հարցրի՝ ընկերնե՞րդ են, ասաց՝ այո, ասացի՝ հանկարծ չթողնես, ասաց՝ պապ, էս ի՞նչ ես ասում: Դրանից հետո էլ ինձ հետ չի խոսել: Իր ընկերոջն է զանգել, հրաժեշտ տվել և մեկ էլ իր եղբորս տղային է զանգել, հրաժեշտ տվել»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/11/22/1153904/?fbclid=IwAR1VsKKqcL7Yv81KE4bXhZntl-f6s_gcC36TVtyP5IfynVyL5MoVqx8qLUg]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր