211652_close_icon
views-count15793 դիտում article-date 21:10 18-11-2020

Հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի կյանքը փրկել չհաջողվեց. մերօրյա հերոսները. Նարեկ Մեսրոպյան

[b]Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. [/b] Մեր Նարեկը զոհվել է մարտի դաշտում՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս․․․ ԵՊԲՀ հանրությանն է ներկայացնում այն հերոս սովորողներին, ովքեր զոհվել են Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով։ Նարեկ Մեսրոպյանը բուժծառայության մայոր էր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր: Զոհվել է մարտի դաշտում մասնագիտական պարտականությունները կատարելիս: «Փոքրուց փայլում էր բոլոր բնագավառներում՝ դպրոցական օլիմպիադաներում, արվեստի ոլորտում… երգում էր, պրոֆեսիոնալ դաշնակահար էր, դերասան, սակայն, ի վերջո կանգ առավ ամենամարդասիրական մասնագիտության՝ կյանքեր փրկելու առաքելության վրա»,- նշում է կինը՝ Աննա Սիմոնյանը և շարունակում, որ Նարեկը երբեք չէր պատմում իր սխրանքների մասին, չափազանց զուսպ ու համեստ էր, այդ իսկ պատճառով իրենք նույնիսկ տեղյակ չէինք, որ այս պատերազմի ընթացքում նա նշանակվել է Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ: Պատերազմի առաջին օրվանից՝ որպեսզի ընտանիքը չանհանգստանա, ռազմական բժիշկն ասել է, որ գտնվում է ապահով վայրում: Միայն դեպքից հետո են ընտանիքի անդամներն ընկերներից իմացել Նարեկի կատարած սխրանքների մասին։ «Խոսեցի իր մարտական ընկերոջ հետ, որը այժմ նույնպես ծառայության մեջ է: Նա խոստացել է, որ անպայման կպատմի Նարեկի բազում հերոսությունների մասին: Նարեկը հասցրել է փրկել շատ զինվորների կյանքեր: Դեպքի օրը, ինքն ու ընկերը շտապել են առաջնագիծ՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու և տեղափոխելու, սակայն նա ընկերոջը ստիպել է իջնել մեքենայից՝ ասելով. «դու այսօր արդեն մեկ անգամ գնացել ես վիրավորների հետևից, այս անգամ ես կգնամ»: Գնաց ու գնաց անվերադարձ… »,- մանրամասնում է հերոսի կինը: Նարեկն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Ապրիլյան պատերազմին, գտնվելով ամենավտանգավոր կետերից մեկում`Թալիշում։ Այդ պատերազմում նույնպես 100-ից ավելի վիրավորների դուրս բերելով մարտի դաշտից և փրկելով նրանց կյանքերը՝ պարգևատրվել է «Արիության» մեդալով։ «Ապրիլյան պատերազմից հետո իր հրամանատարը՝ Արցախի հերոս Կարեն Ջալավյանը և մարտական ընկերը պատմում են, որ ուժեղ ռմբակոծոթյան ժամանակ՝ չսպասելով կրակի դադարին, շտապել է մարտի դաշտից դուրս բերել վիրավորների՝ րոպե առաջ կանխելով վիրավորի զինվորի ոտքերի անդամահատումը: Եվ այսպիսի բազմաթիվ դեպքեր»,- մեջբերում է Աննա Սիմոնյանը: Կոնսերվատորիայում Նարեկի քրոջը մոտեցել և հետաքրքրվել են՝ արդյոք Մեսրոպյան Նարեկն իր եղբայրն է: Քրոջ պատասխանից հետո երիտասարդն ասել է, որ նա ապրում է Նարեկի շնորհիվ. ապրիլյան պատերազմի ժամանակ փրկվել է հենց Նարեկի շնորհիվ: Կինն առանձնակի հպարտությամբ է ընդգծում, որ Նարեկն անմնացորդ նվիրված էր ընտանիքին, հոգատար հայր էր, օրինակելի ամուսին: «Նարեկը շատ համեստ էր, բարի, աշխատասեր, ընկերասեր ու մարդասեր»,- նշում է Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Պապիկյանը, ում ղեկավարած ամբիոնում է ռազմական բժիշկը երկու տարի անցել կլինիկական օրդինատուրան: Արթուր Պապիկյանն ընդգծում է, որ անհնար է խոսել ԵՊԲՀ սովորողի մասին առանց դրական հիշողությունների: Մեկ այլ գործընկերոջ՝ դիմածնոտային վիրաբույժ Հայկ Սարգսյանի խոսքով՝ թեպետ Նարեկը բազմաթիվ կյանք էր փրկել նաև Ապրիլյան պատերազմի ընթացքում, սակայն երբեք չի սիրել խոսել ռազմաճակատում կատարած մասնագիտական սխրանքներից։ Այդ մասին իրենք տեղեկանում էին նրա մարտական ընկերներից: Հոկտեմբերի 11-ին, ծանր վիրավորում ստանալուց հետո Նարեկ Մեսրոպյանը տեղափոխվել էր Երևան: «Մեկ շաբաթ պայքարում էր կյանքի համար: Աչքերը բացելուն պես առաջին հարցը, որ տվեց, հարցրել էր. «Պատերազմն ավարտվե՞լ ա»,-ասացինք այո, ամեն ինչ վերջացել է, ամեն ինչ լավ է, սակայն կյանքն անարդար գտնվեց Նարեկի հանդեպ: Հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի կյանք փրկել չհաջողվեց: Հոկտեմբերի 19-ին Նարեկն անմահացավ»,- հավելում է կինը: Մերօրյա հերոսը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Ծնունդով Արցախից էր, մեկնել էր պաշտպանելու հայրենի հողը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Մերօրյա հերոսները». Նարեկ Մեսրոպյան Մեր Նարեկը զոհվել է մարտի դաշտում՝ մասնագիտական պարտականությունները...

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Среда, 18 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր