211652_close_icon
views-count4523 դիտում article-date 23:23 11-11-2020

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես վշտացած է Միության նախագահության երկարամյա անդամ, Հայաստանի «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ Նորայր Խաչատրյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Խաչատրյանների ընտանիքին ու հարազատներին։ Ծանր կորուստ է հայ գործարար համայնքի համար, ում տարեգրության դասական և ուսանելի էջերից մեկը Նորայր Խաչատրյանը գրեց համառ ու հետևողական աշխատանքով, բարձր քաղաքացիական զգացումով, անընդմեջ որոնումներով և եղած ձեռքբերումներով երբեք չբավարարվելու գործարարության ոսկե կանոններով։ Երբ 90-ականների սկզբներին Հայաստանում սկսվեց գործարարության ձևավորման առաջին փուլը՝ Նորայր Խաչատրյանը դարձավ հայաստանյան բիզնեսի առաջին ծիծեռնակներից մեկը։ Տասնամյակներ շարունակ նրա ղեկավարած «ԿԵՐԱՄԻԿԱ» և «ԻԴԵԱԼ» ընկերությունները հայաստանյան շուկայում ձևավորեցին նոր մտածողություն, կենցաղային նոր կուլտուրա ու ոճ, եվրոպական ճաշակ և ժամանակակից չափանիշներ կենցաղում։ Նա բիզնեսի նորարար էր և՛ իր գիտելիքներով, և՛ մտածողությամբ և՛ թե վարքականոնով։ «Կատարելություն ամեն ինչում» կարգախոսը նախ վերաբերում էր հեղինակին՝ քաղաքակիրթ բիզնեսի նորարար ու բարերար Նորայր Խաչատրյանին։ Բացառիկ համեստ բնավորությամբ՝ նա երբեք չհամակերպվեց իր անձի մասին որևէ գովազդին՝ իր բարերարությունները համարելով հոգու պարտք։ Երբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստերին Միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարում էր որևէ կարևորագույն դրամահավաքի և բարերարության մասին՝ Նորայր Խաչատրյանը առաջինն էր հարցնում՝ «Միանգամից ասեք մեր անելիքը՝ երբ և ինչքան․․․»։ Նա մշտապես օգնում էր հատկապես սահմանամերձ բնակավայրերին՝ սկսած պաշտպանական զորակցություններից մինչև պատմաճարտարապետական տաճարների հիմնանորոգումներով։ Իր ազնիվ ու ազգաշահ վաստակի համար արժանացել է պետական և Միության ամենաբարձր պարգևների, ինչի մասին համեստորեն լռում էր։ Նորայր Խաչատրյանը իր բացառիկ համեստությամբ, մեծ վաստակով և հայրենասիրության ու ընկերասիրության իր բնատուր առաքինություններով թողեց լուսավոր մի հետք․ իրոք որ՝ կատարելություն ամեն ինչում․․․

Նմանատիպ նյութեր