211652_close_icon
views-count365 դիտում article-date 19:38 11-11-2020

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն այսօրվա այցի արդյունքները

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, վաղ առավոտից ինչպես Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, այդ թվում՝ Երևանի Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս հարցերով Պաշտպանի աշխատանքները շարունակվում են: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են իրավապահ մարմինների կողմից ռազմական դրությանը վերաբերող օրենքների և Կառավարության որոշման պահանջների կիրառության, դրանց նկատմամբ միատեսակ մոտեցման հարցերը: Դրանից բացի, անհրաժեշտ է խստորեն պահպանել բերման ենթարկելու ընթացակարգն ու անձի իրավունքների ապահովման սահմանադրական պահանջները: Ի գիտություն են ընդունվել իրավապահ մարմինների պարզաբանումներն առ այն, որ նախաձեռնված են քրեական վարույթներ Քրեական օրենսգրքի 225.1-րդ և 307.1-րդ հոդվածներով, որոնք համապատասխանաբար վերաբերում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցացնելուն, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելուն: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նշված քրեական վարույթները, ինչպես նաև այդ վարույթներով կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են: Երեկ ու այսօր տեղի են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդակցությունները Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Ակնհայտ է, որ ճակատագրական օրերին մեր երկրին անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Մեր յուրաքանչյուր քայլ այս օրերին առավել, քան երբևէ պետք է ուղղված լինի երկրում կայունության ապահովմանն ու պետականության ամրապնդմանը, պետք է բխի մեր հերոս զինվորների կյանքի ու առողջության պաշտպանության նպատակից: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների գործադրումը կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ՝ բոլոր հարցերին հավասար մոտեցմամբ:

Նմանատիպ նյութեր