211652_close_icon
views-count57560 դիտում article-date 12:05 11-11-2020

Կառավարական ամառանոցներում ձևավորվում են հրոսակախմբեր, որ հանրահավաքը խափանեն, հրահրեն քաղաքացիական պատերազմ, նրանց սովորեցնում են ասել, որ դիրքերից են իջել, սատարում են Փաշինյանին. Ա. Վանեցյան

Բանակը պառակտել է Նիկոլ Փաշինյանը, մարդ՝ հատկապես երկրի ղեկավարը, պետք է իմանա իր խոսքի արժեքը, այս մարդն իր խոսքի արժեքը չգիտի, այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Անդրադառնալով հարցին, որ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկում ակնարկել է, թե Վանեցյանը լքել է Շոշի դիրքերը և պետք է պատժվի որպես դասալիք, նա ասաց, որ պատերազմի սկսման երկրորդ օրվանից գտնվել է Արցախում, առաջին անգամ Արցախում եղել է տասն օր, որից հետո վերադարձել է և մարտակոչով դիմել է ընկերներին, համախոհներին: «Կազմավորել ենք «Հայրենիք» զորախումբը և մեկնել ենք ռազմաճակատ, որից հետո ներկայացրել ենք Արցախի ՊԲ, և հրամանատարությունը մեր առջև դրել է խնդիր, մեր խնդիրները եղել են ամենածանր և ամենաթեժ վայրերում: Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե՛ հենց Շուշի քաղաքի մեջ, թե՛ ՊԲ-ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ: Իմ զորախմբում ընդգրկված են եղել ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հատուկ նշանակության ջոկատի ԱԱԾ մի շարք նախկին սպաներ, մտավորականներ, դասախոսներ, գիտնականներ, սովորական մարդիկ, մեր զորախմբին Արցախում միացել է մոտ 25 հոգանոց կամավորների խումբ»,- ասաց նա: Արթուր Վանեցյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրեն վարկաբեկելու արշավի շրջանակում փորձում է մանիպուլացնել հասարակության կարծիքը՝ հիմա էլ իրեն ներկայացնելով որպես դասալիք: «Իմ դասալիք լինել-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, կտա ՀՀ ԶՈՒ գխավոր շտաբի պետն անձամբ: Չեմ կարծում՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կգար և այս օրհասական պահին կհանդիպեր դիրքը լքած դասալիքի հետ: Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որն իրական դասալիք է և չի ծառայել բանակում «դասալիք» է մնացած բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել է: Ամենամեծ դասալքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակում չծառայած, բանակից ազատված, գնում և կանգնում էին դիքերում մինչև պատերազմի սկսելը, նկարվում էին, զորքին շարում էին»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարել էր, որ գերագույն գլխավոր հրամանատարի դեմ իր արած հայտարարությունների համար, նման գեներալի ուսադիրները պետք է նետել աղբամանը, ինչին ի պատասխան ինքն ասել էր, որ ժամանակը ցույց կտա, թե ով և ինչը կհայտնվի աղբամանում: «Ցավոք սրտի, ժամանակը շատ արագ եկավ, և Նիկոլ Փաշինյանի տեղն այսօր այդ աղբամանում է, որովհետև նա ծախեց, հանձնեց հայրենիքը»,- ասաց նա: Անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որ իր տանից օծանելիք ու համակարգիչ են գողացել, Վանեցյանն ասաց, որ իր օծանելիքն ու ժամացույցն են տարել, իսկ հազարավոր մայրեր կորցրել են իրենց զավակներին, նրանցից շատերը չեն կարող գտնել անգամ նրանց դիերը, իսկ այդ մարդը խոսում է օծանելիքի ու համակարգչի մասին: «Օծանելիքն են գողացել, քեզ պետք է գողանային, տանեին շպրտեին համապատասխան տեղ, իսկ այսօր վախկոտի պես փախել թաքնվել է»,- նշեց նա: Վանեցյանը հավելեց, որ իր ունեցած տվյալներով՝ իրավապահ համակարգի մեծամասնությունը հրաժարվում է կատարել վարչապետի ապօրինի հրամանները: «Այդ իսկ պատճառով երեկ ոստիկանության համակարգում եղավ երկու բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխություն, ԱԱԾ-ում ևս հրաժարվել են կատարել նրա ապօրինի հրահանգները: Ես տեղեկություն ունեմ, որ այսօր Փաշինյանի կառավարական ամառանոցներում նստած են մարդիկ և ձևավորում են հրոսակախմբեր, մեր հանրահավաքը խանգարելու և քաղաքացիական բախումներ պատերազմ հրահրելու համար»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը: Նրա խոսքով՝ այդ մարդկանց սովորեցնում են, որ պետք է ասեն դիրքից են իջել և աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց այդ մարդկանց մեծամասնությունը քրեական տարրեր, են հայտնի օլիգարխներից վերցրած թիկնապահներ, որոնց հագցնում են ԱԱԾ համազգեստ և որոնք պետք է իրականացնեն ձերբակալություններ քաղաքական ընդդիմադիր գործիչներ, հրահրեն քաղաքացիական պատերազմ: «Ես զգուշացնում եմ բոլորին՝ հանկարծ նման քայլի չդիմեն: Դիմում եմ ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, խնդրում եմ՝ տղերք դեմն առեք, սա երկիր է, սա պետություն է: Նիկոլ Փաշինյանի պաշտոնը մի քանի օրով երկարաձգելու համար չգնաք նման քայլի: Իրավապահ համակարգի հարյուրավոր աշխատակիցներ դիմումներ են գրում և դուրս գալիս, իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի անհեթեթությունների պատճառով այսօր գոյություն չունի»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր