211652_close_icon
views-count4742 դիտում article-date 10:15 11-11-2020

Վարչապետը հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը. Մանե Գևորգյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց Փաշինյանը սպասել է, որ Շուշին ընկնի, նոր երեկվա ընդունված հայտարարությունը ստորագրի: «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։ Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կալանքից ազատվելուց հետո հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։ Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։ Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությու՞նն է ի վերջո դարձել Շուշիի անկման պատճառ»,- գրել է Գևորգյանը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: «Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր