2330 դիտում
23:42 10-11-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին հարցեր՝ արցախյան հակամարտության հանգուցալուծման և ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Եկեղեցու և եկեղեցականության հետագա անելիքների վերաբերյալ։
Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Առկա պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորեցին համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները և բռնության դրսևորումները։
Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման և հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից։
Ըստ այդմ էլ՝ ընդգծվեց բարդ այս իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը միմիայն քաղաքական գործընթացներով, իրավասու և կարող ուժերի համընդհանուր ջանքերով։ Այս առումով շեշտվեց նաև Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ ի նպաստ ազգային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի զորացման։
Քննարկվեցին զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ։
Վերջում ժողովականները վերստին իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Արցախ աշխարհի և համայն հայության անվտանգ և ապահով կյանքի համար։
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
22:09 17-06-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
1159 դիտում
17:31 23-06-2014
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1792 դիտում
22:20 21-06-2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
868 դիտում
22:17 23-01-2025
Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում
637 դիտում
21:46 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
1087 դիտում
21:21 23-01-2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը